Բռնությունները, զայրույթն ու հուսահատությունը շարունակում են տիրել ԱՄՆ-ի Միջին արևմուտքում գտնվող Ֆերգյուսոն փոքր քաղաքում, որտեղ զանգվածային խռովություններ են բռնկվել այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին ոստիկանության ծառայողներից մեկը սպանել էր անզեն աֆրոամերիկացի դեռահասին:
Այս դեպքը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում, նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել խռովությունների վայր դարձած Ֆերգյուսոն ուղարկել ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերին:
Հարյուրավոր կամավորականներ այժմ օգնում են կարգի բերել խռովություններից տուժած բնակավայրը:
Շատերի կարծիքով, Մայքլ Բրաունի մահը դարձել է Ամերիկայում դեռևս լուծում չստացած խորը խնդիրների արտահայտման կիզակետը:
«Ամերիկայի սպիտակամորթ և սևամորթ համայնքների միջև դեռևս առկա է զգալի տարանջատվածություն: Քանի դեռ նրանց միջև իրական կապ չի հաստատվել, այս խնդիրը արմատական լուծում չի ստանա», - ասում է եպիսկոպոս Էդվին Բասը:
Եպիսկոպոս Բասը ու կրոնական այլ առաջնորդներ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերի հետ:
Ֆերգյուսոնում տեղի ունեցած իրադարձությունները հետաքննում են նաև ՀԴԲ-ն, տեղի և նահանգային ոստիկանությունը` քաղաքացիական իրավունքների հնարավոր խախտումների հարցով:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր հերթին մեղադրել է ոստիկանությանը խաղաղ ցույցերի մասնակիցների իրավունքները խախտելու մեջ: Ոստիկանությունը հերքում է այս մեղադրանքները:
Միսուրի նահանգի ոստիկանության կապիտան Ռոնալդ Ջոնսոնի փոխանցմամբ` խաղաղ ցուցարարների քողի տակ փողոցներ են դուրս եկել բազմաթիվ քրեական տարրեր, որոնք վտանգի են ենթարկում օրինապահ քաղաքացիներին:
«Խոսքի ազատությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է, և մենք մտադրություն չունենք որևէ մեկին դրանից զրկելու» – ասում է նա:
Եպիսկոպոս Բրասի կարծիքով, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պետք է անպայման հետաքննություն անցկացնի Մայքլ Բրաունի մահվան հարցով:
«Հասկանալի և պատշաճ որոշում կայացնելու դեպքում այս համայնքում խաղաղություն կհաստատվի: Սակայն եթե համայնքը զգա, որ իր նկատմամբ անարդարացի վերաբերմունք է դրսևորվում, ապա, ցավոք, խռովությունները շարունակվելու են», - ասում է նա: