Մատչելիության հղումներ

Քերրի․ Մարտերը Ուկրաինայում միայն Դոնեցկի, Լուգանսկի կամ Դեբալցևոյի համար չեն


Ինդոնեզիա - Վլադիմիր Պւտինը և Ջոն Քերրին Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, Բալի կղզի, հոկտեմբեր, 2013թ․
Ինդոնեզիա - Վլադիմիր Պւտինը և Ջոն Քերրին Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, Բալի կղզի, հոկտեմբեր, 2013թ․

Պուտինը հայտարարել է, որ զինադադարը հաստատուն կդառնա, եթե Կիևը կենտրոնանա ոչ ռազմական հարցերի վրա: Սակայն, ինչպես Քերրին է շեշտել, Ուկրաինայի տնտեսության և այլ ոլորտներում խնդիրները առկա են անկայուն վիճակի պատճառով:

Միջազգային դիտորդները նշում են, որ ռուսամետ ուժերը խախտել են Մինսկի զինադադարը: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտարարել է, թե զինադադարը հաստատուն կդառնա, եթե Կիևը կենտրոնանա ոչ ռազմական հարցերի վրա:

«Թեև չեմ ցանկանում խորհուրդներ տալ որևիցե մեկին, սակայն, ամեն դեպքում, կարծում եմ, որ Ուկրաինայի նման եվրոպական մեծ երկրի ղեկավարությունը առաջնահերթորեն երկիրը պետք է վերադարձնի սովորական կենսակերպին, վերականգնի տնտեսությունը, սոցիալական ծառայությունները, քաղաքակիրթ ձևով կարգավորի իր հարաբերությունները հարավարևելյան շրջանների հետ, ապահովի Դոնբասում ապրող մարդկանց իրավունքները և շահերը», - ասել է Պուտինը:

Սակայն, ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, հենց Ռուսաստանն է, որ խարխլում է կայունությունը: «Հավաստիացնում եմ ձեզ՝ մարտերը Ուկրաինայում միայն Դոնեցկի կամ Լուգանսկի կամ Դեբալցևոյի համար չեն: Նման տարածական գործողությունները արգելակում են մասնավոր ներդրումներն ու դժվարացնում տնտեսության վերականգնումը», - ասել է Քերրին:

Կոնգրեսական լսումների ժամանակ սենատորները ամերիկյան կառավարությունից պահանջում էին ավելին անել: Որոշ օրենսդիրներ կոչ են հղել վարչակազմին՝ հաստատել Ուկրաինա զենքի ու զինամթերքի մատակարարումների ծրագիրը:

Նմանատիպ քննարկումներ երեքշաբթի օրը անցկացվել են նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հաստատել է, որ իր երկիրը դեռևս սպառազինություն չի մատակարարում Ուկրաինա:

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ոչ մահացու սարքավորումներ, գիշերատեսիլ սարքեր, զրահապատ բաճկոններ տրամադրել Ուկրաինային: Հետագա մի քանի ամիսների ընթացքում ծավալելու ենք բրիտանացի ծառայողների անձնակազմ, որը կապահովի խորհրդատվությամբ և վարժանքներով՝ սկսած մարտավարական հետախուզությունից մինչև թիկունքային ապահովում ու բժշկական ծառայություն», - ասել է Քեմերոնը:

Ե՛վ ամերիկացի, և՛ բրիտանացի պաշտոնյաները պնդում են, որ իրենց կառավարությունները պետք է պատրաստ լինեն, եթե Ռուսաստանը այլ տեղերում ևս ծավալի նմանատիպ զինված բախումներ:

Անդրադառնալով խնդրին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում՝ Վաշինգտոնի ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի եվրասիական ծրագրերի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆը նշեց, որ ռուսական կողմի համար էական է ոչ թե միայն Դոնբասի խնդրի կարգավորումը, այլ` իր ազդեցության պահպանումն ու մեծացումը Ուկրաինայում:

«Ռուսական քաղաքականությունը հետխորհրդային տարածաշրջանում հիմնվում է հարևան պետություններում իր բացառիկ ազդեցության տարածման վրա, իսկ Ուկրաինայի պարագայում այն չի հրաժարվի այլ մոտեցումներից, մինչև չհասնի իր ազդեցության վերականգնմանը այդ երկրում: Ուկրաինայում, Մոլդովայում ու Կովկասում դա պարզորոշ դրսևորվում է», - ասաց Մանքոֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG