ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Աֆրիկային նվիրված գործարար համաժողովի ընթացքում նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ միասին կստանձնի մայրցամաքում մոտ 33 միլիարդ դոլարի ֆինանսավորում կատարելու հանձնառություն:
Օբաման ասել է, որ չնայած Աֆրիկայի բնակչության մեծամասնությունը դեռևս դեմ առ դեմ կանգնած է աղքատության, հակամարտությունների, սովի և համաճարակների խնդիրների առջև, Միացյալ Նահանգները չպետք է անտեսի Աֆրիկայի զարգացման իրողությունը:
«Աֆրիկայում են գտնվում աշխարհի ամենաարագ զարգացող որոշ պետություններ», - ասել է Օբաման՝ նշելով, որ վարչակազմի «Գործարարությունը Աֆրիկայում» արշավի շրջանակներում նախատեսվում է առավել մեծ ջանքեր գործադրել Աֆրիկայում մրցունակության բարձրացման հարցում ամերիկյան ընկերություններին օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:
«Աֆրիկայի պետություններում ամերիկյան ապրանքները առաջ քաշելու նպատակով կհատկացվի 7 միլիարդ դոլար», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
«Կոկա-Կոլա», «Այ-Բի-Էմ» և «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերությունների նման ամերիկյան ձեռնարկությունները Աֆրիկայում գործունեություն ծավալելու հույսեր ունեն, ինչը կարող է շահավետ լինել երկու կողմերի համար:
Նախագահ Օբամայի համաձայն, ամերիկյան ընկերությունները հայտնում են բազմաթիվ ոլորտներում ընդհանուր ծավալով մոտ 14 միլիարդ դոլարի գործարքներ կնքելու մասին:
«Դա կնպաստի Աֆրիկայի զարգացմանը և «Արտադրված է ԱՄՆ-ում» պիտակը հպարտությամբ կրող ապրանքների վաճառքի ավելացմանը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Աֆրիկայում ամենակարևոր խնդիրներից մեկը ըստ էության էներգետիկական պահանջները բավարարելու խնդիրն է: Ըստ «Դաու» քիմիական ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Լիվերիսի, մայրցամաքի պետություններում անհրաժեշտ է լուծել հասանելի էլեկտրաէներգիայով ապահովման խնդիրը:
«Այս խնդրի լուծումից է կախված մրցունակության և աշխատատեղերի ստեղծման հարցերի կարգավորումը», - ասել է Լիվերիսը:
Նիգերիայի նման աֆրիկյան որոշ պետություններ ունեն էներգետիկ, այդ թվում` նավթի հարուստ պաշարներ, սակայն երկրի քաղաքացիների մեծ մասը դեռևս ապրում է աղքատության մեջ, իսկ ենթակառուցվածքը թերի է զարգացած:
Գանայի նախագահ Ջոն Դրամանի Մահաման իր հերթին նշել է, որ էլեկտրաէներգիան հասանելի է իր երկրի բնակչության 80 տոկոսին, սակայն այս արդյունքին հասնելը հնարավոր է դարձել միայն հիմնարար սկզբունքներին հավատարիմ մնալու միջոցով:
«Դրա հիմքում ընկած է ժողովրդավարությունը, որը երաշխավորում է, որ բնական հարստության օրհնանքը չվերածվի անեծքի», - ասել է Գանայի նախագահը:
Գագաթնաժողովի ընթացքում ներկայացված այլ ծրագրերից է եղել ԱՄՆ - Աֆրիկա մաքուր էներգետիկայի ֆինանսավորման նախաձեռնության միջոցով լրացուցիչ 10 միլիոն դոլարի հատկացումը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի համաձայն, միջոցները կհատկացվեն` Աֆրիկայում դեպի մաքուր էներգիա անցում կատարելու նպատակով: