Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը անհանգստացած է տեղահանվածների և փախստականների թվի մեծացմամբ


Սիրիացի փախստականները մակույկով՝ Միջերկրական ծովում, 18-ը հունիսի, 2015թ․
Սիրիացի փախստականները մակույկով՝ Միջերկրական ծովում, 18-ը հունիսի, 2015թ․

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումով մեծ արտագաղթ սկսվեց, սակայն Սիրիան արտագաղթի միակ աղբյուրը չէ։ Աշխարհի բոլոր ծագերից մարդիկ լքում են իրենց բնակավայրերը՝ ձգտելով դեպի ավելի անվտանգ ու բարեկեցիկ կյանք: Այժմ մոլորակի վրա կա 60 միլիոն բռնի տեղահանված, ինչն ավելի քան 8 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ, և մոտ 20 միլիոնով ավելի, քան 10 տարի առաջ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ աշխարհում տիրող խառնաշփոթը հնարավոր չէ վերացնել մարդասիրական գործակալությունների միջոցով: Յուրաքանչյուր 122 մարդուց մեկը հիմա կամ փախստական է, կամ տեղահանված, կամ էլ քաղաքական ապաստան փնտրող:

«Միջազգային հանրության համար եկել է հակամարտությունների կարգավորման ու կանխարգելման պատասխանատվությունը ստանձնելու պահը», - ասում է Գուտերեշը:

Սիրիան փախստականների թվով այժմ գերազանցում է Աֆղանստանին և Սոմալիին, իսկ Թուրքիան ներկայումս ամենաշատ փախստականների պատսպարող երկիրն է։

Եվրոպացի պաշտոնյաները, մինչդեռ, չեն կարողանում համաձայնության գալ պատասխանատվության չափաբաժինների շուրջ:

«Իտալիան և Գերմանիան համաձայն են, որ մենք պետք է ավելի հավասար բաշխենք մարդկանց Եվրոպայում և պարտադիր չափաբաժիններ սահմանենք Եվրամիության անդամների համար», - ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Սակայն Եվրամիության որոշ անդամներ անտեսել են դա, ինչպես Հունգարիան, որը հայտարարել է, որ փակելու է իր սահմանը Սերբիայի հետ՝ փախստականների ներհոսքը կանխարգելելու համար։

«Մենք փակելու ենք 175 կիլոմետրանոց սահմանը 4 մետր բարձրություն ունեցող պարսպով», - հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Մյանմարից Թայլանդ փախստականների ցամաքային ուղիները փակելու ջանքերը մարդասիրական ճգնաժամ են առաջ բերել, քանզի հազարավոր փախստականները Անդամանյան ծովով են փորձում հեռանալ և խեղդվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG