Մատչելիության հղումներ

Ռուսաստանից ուղևորվող շարասյունը` Ուկրաինայի և Արևմուտքի կասկածների առարկա


Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանից ուղարկված շարասյունը կարող է նախատեսված լինել երկրի արևելքում գործող ռուսամետ զինյալներին ռազմական բնույթի օգնություն մատակարարելու համար

Ռուսաստանի կողմից դեպի Ուկրաինայի սահման ուղևորվել է հսկա մի շարասյուն, որը, ըստ Կրեմլի, Ուկրաինայի արևելքում բնակվող ռուսախոս բնակչության համար մարդասիրական օգնություն է տեղափոխում: Կիևը, սակայն, պնդում է, որ օգնության տրամադրումը կթույլատրվի միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:

Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանից ուղարկված շարասյունը կարող է նախատեսված լինել երկրի արևելքում գործող ռուսամետ զինյալներին ռազմական բնույթի օգնություն մատակարարելու համար:

Ռուսաստանից դեպի Ուկրաինա շարժվող շարասյունը կազմված է 280 ծանր բեռնատարներից:

«Ռազմական ցանկացած շարասյուն, որը չի ունենա Կարմիր խաչի մանդատը, թշնամական ուժ կհամարվի և կարժանանա համապատասխան արձագանքի», - ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրիյ Լիսենկոն:

Կարմիր խաչը խնդրել է տրամադրել Ռուսաստանից առաքվող բեռնատարներում առկա ապրանքների ցանկը: Կազմակերպության խոսնակ Անդրե Լորշի համաձայն, դեռևս հայտնի չէ, թե երբ և ուր է ժամանելու Ռուսաստանից ուղարկված օգնությունը:

«Փորձել եմ տեղեկություններ ստանալ շարասյան նպատակակետի մասին, սակայն հստակ տեղեկատվություն դեռևս չի տրամադրվել», - ասում է նա

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի վաղ «ցինիկ և անհարկի» է անվանել Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները:

«Մենք անում ենք ամեն ինչ` տրամադրելու համար կենսական անհրաժեշտություն ունեցող ապրանքներ որոշ տարածքների բնակիչներին, և դիմել ենք Կարմիր խաչին` մարդկանց այս ապրանքներն առաքելու գործում օգնություն տրամադրելու նպատակով, քանի որ այս տարածքները վերահսկվում են Ռուսաստանի աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից: Ռուսաստանն ավելի լավ է թող 300 դատարկ «ԿամԱԶ» տրամադրի` իրենց ավազակներին հետ ուղարկելու համար: Դրանից հետո մարդասիրական որևէ օգնության կարիք այլևս չի լինի», - շեշտել է վարչապետ Յացենյուկը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, թե Մոսկվան համաձայնել է օգնություն փոխադրող շարասյան վերաբերյալ Ուկրաինայի կողմից ներկայացված բոլոր պայմաններին: Արևմուտքը, սակայն, զգուշացնում է Կիևին, որ շարասյունը կարող է «տրոյական ձի» լինել:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քուրտ Վոլքերն ասել է «Ամերիիայի Ձայն»-ին, որ Ռուսաստանը շարունակում է փնտրել Ուկրաինայի արևելքի նկատմամբ առանց ճակատային գրոհի իրականացման վերահսկողություն հաստատելու ուղիներ:

«Իրականացվում են ավելի նուրբ և կործանարար գործողություններ` սերտաճման միջոցով տարածքների կլանման ուղղությամբ: Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ այս տարածքը հասանելի է իր համար, այն կարող է օգնություն տրամադրել բնակչությանը` ըստ էության միաժամանակ ապահովելով կենդանի ուժի և տեխնիկայի ներթափանցում: Ուկրաինայի զինված ուժերը պետք է կա՛մ կանխեն նման գործողությունները, կա՛մ թույլատրեն դրանք», - ասում է Վոլքերը:

Ուկրաինայի կառավարական ուժերն այս ընթացքում որոշակի հաջողությունների են հասել` երկրի արևելքում զինյալների կողմից զբաղեցված տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործում: ՆԱՏՕ-ն, սակայն, զգուշացնում է, որ Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանը տեղակայել է մոտ 20 հազար զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG