Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, մտադիր է արգելել Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումների ընթացքում մարզադաշտերում Ռուսաստանի Դաշնության դրոշների ցուցադրումը: Այդ մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը։
Ըստ Associated Press-ի աղբյուրի՝ անվտանգության աշխատակիցները խաղերից առաջ ստուգելու են մարզադաշտեր մտնող երկրպագուների իրերը և առգրավելու են ռուսական դրոշները: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, եթե անձը կարողանա անցկացնել դրոշը և այն պարզել՝ գտնվելով տրիբունայում:
Որոշումը կապված է Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո Ռուսաստանի նկատմամբ ՈւԵՖԱ-ի սահմանած պատժամիջոցների հետ:
Ուկրաինայի հավաքականն այսօր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում իր առաջին խաղը կանցկացնի Մյունխենի «Allianz Arena» մարզադաշտում, որտեղ կմրցի Ռումինիայի ընտրանու հետ: