Լարվածությունը թուրք-սիրիական սահմանի երկայնքով աճում է, այնտեղ քրդական աշխարհազորայինների դիրքերը վերջերս հարձակման են ենթարկվել: Սիրիայի Զոր Մուղար գյուղում քրդական աշխարհազորը մեղադրում է թուրքական կողմին իրենց արկահարելու մեջ:
«Դրանք գալիս են այն կողմից: Ըստ թուրքերի, դա իրենք չեն, սակայն ակնհայտ երևում է, որ դա հենց իրենք են: Ջարաբլուսը շատ մոտ է, ուստի որևէ գրոհ Սիրիայի ուղղությամբ կարող է գալ միայն այդ կողմից և թուրքական ուժերը բազմիցս են հարձակման ենթարկել այս սահմանահատվածը», - ասում է քուրդ աշխարհազորայինը:
Քուրդ աշխարհազորայինների գլխավոր հրամանատարությունը բացատրություններ է պահանջում Թուրքիայից և բողոք է ներկայացրել միջազգային դաշինքին: «Այն, ինչ Թուրքիան անում է, քրդական աշխարհազորի վերաբերյալ համաձայնությունների խախտում է: Մենք այս մասին տեղեկացրել ենք կոալիցիայի մեր գործընկերներին: Ինչպես նաև բացատրություններ պահանջել Թուրքիայից», - ասում է Ժողովրդի պաշտպանության զորամասերի խոսնակ Ռեդուր Խալիլը:
Թուրք զինվորականները չպատասխանեցին «Ամերիկայի ձայնի» խնդրանքին՝ մեկնաբանելու հարձակումը:
ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայի ռազմարշավին, սակայն պարզ նշել է, որ Թուրքիան չպետք է հարվածներ հասցնի Ժողովրդի պաշտպանության զորամասերին, որի քաղաքական թևը առնչվում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ, քանզի ԺՊԶ-ի զորամասերը գործում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ և բավականին արդյունավետ են գործում:
Իսլամական ծայրահեղականները գրոհել են Սիրրին ավանը, մինչ թուրքական ռազմական ինքնաթիռները ճախրում էին վերևում.- «Թուրքական ինքնաթիռների Սիրինի և Քոբանիի վրա թռիչքներին զուգահեռ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները գրոհեցին Սիրրինը, որի հետևանքով յոթ քուրդ մարտիկ զոհվել է: Թուրքիան պետք է այս ամենին բացատրություն ներկայացնի»,- ասում է Ժողովրդի պաշտպանության զորամասեր կազմակերպության խոսնակը:
Այդ կազմակերպության հաղորդմամբ՝ Թուրքիան այդ երկրում բուժման նպատակով գտնվող վեց քուրդ մարտիկների հանձնել է «Ալ-Նուսրայի ճակատ» ծայրահեղական խմբավորմանը, որը առնչություններ ունի «Ալ-Ղայիդայի» հետ: