Ավելի քան քառորդ դար առաջ Ստամբուլի այն ժամանակ ժողովրդականություն վայելող քաղաքապետը պաշտոնանկ արվեց և բանտարկվեց մի շարք մեղադրանքներով, որոնք ըստ նրա կողմնակիցների, քաղաքական դրդապատճառներ ունեին: Հետագայում նա վերադարձավ քաղաքական ասպարեզ և դարձավ իր երկրի ժամանակակից պատմության ամենաերկարակյաց ղեկավարը:
Դա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։
Սակայն Էրդողանն այժմ բախվում է քաղաքական ճգնաժամի, որը կարող է լինել ամենալուրջը նրա՝ ավելի քան երկու տասնամյակ շարունակվող ու օրեցօր ավելի ավտորիտար դարձող իշխանության ընթացքում:
Պատմական զուգադիպությամբ, ներկայիս ճգնաժամի պատճառը դարձավ նույն՝ Ստամբուլի ժողովրդականություն վայելող և կենտրոնական իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնող մեկ այլ քաղաքապետի ձերբակալությունը:
Ստամբուլում, Անկարայում և Թուրքիայի այլ քաղաքներում ու գավառներում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ զանգվածային ցույցեր են։ Փողոց դուրս եկած մարդիկ բողոքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ, ով մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն օժանդակելու համար։
Ներկայիս ցույցերը ամենազանգվածայինն են 2013 թվականի Գեզի այգու բողոքի ցույցերից հետո, երբ շաբաթներ տևած ու միջազգային մամուլում լայնորեն լուսաբանված ակցիաներն ի վերջո ճնշվեցին։ Ըստ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, 2013 թվականի բողոքի ցույցերի ճնշումը ազդարարեց Էրդողանի օրոք Թուրքիայի գահավիժումը դեպի ավտորիտարիզմ:
Թեև այս ցույցերի ընթացքում զոհեր չեն եղել, մոտ 1500 մարդ ձերբակալվել է, ոմանք՝ Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար։
Ձերբակալվածների թվում կան նաև մի քանի լրագրողներ, իսկ BBC-ի թղթակիցը, ըստ բրիտանական լրատվամիջոցի, արտաքսվել է երկրից՝ «հասարակական կարգին սպառնալիք ներկայացնելու» հիմքով։
Ըստ վերլուծաբանների՝ ներկայիս ճգնաժամը կարող է նախորդներից ավելի լուրջ մարտահրավեր լինել Էրդողանի և Թուրքիայի ժողովրդավարության համար՝ հաշվի առնելով փոփոխված տնտեսական և քաղաքական միջավայրը:
«Էրդողանն այն ժամանակ իսկապես խարիզմատիկ մրցակից չուներ, տնտեսությունն ավելի լավ վիճակում էր, և ամենակարևորը, պահպանողական ընտրողները հավատարիմ մնացին «Արդարություն և զարգացում» կուսակցությանը», - ասում է Դիմիտար Բեչևը՝ 2022 թվականին լույս տեսած «Թուրքիան Էրդողանի օրոք. ինչպես երկիրը ժողովրդավարությունից վերածվեց ավտորիտարիզմի» գրքի հեղինակը։
«Այժմ բոլոր հարցումներից պարզ է դառնում, որ Թուրքիայի քաղաքացիների համար հիմնական խնդիրը թանկացումներն են: Իմամօղլուն խոսում է հենց դրա մասին և արձագանք է գտնում ավելի լայն ընտրազանգվածից», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բեչևը։
Թվերի ուժը
Դժվար է գերագնահատել այն մարտահրավերը, որ խարիզմատիկ Իմամօղլուն ներկայացնում է Էրդողանի և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար։
Իմամօղլուի ձերբակալությունը տեղի է ունեցել մարտի 23-ին կայանալիք նախնական ընտրություններից մի քանի օր առաջ, որտեղ նրան պետք է հաստատեին որպես ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու՝ 2028 թվականին սպասվող նախագահական ընտրություններում:
Նախնական այդ ընտրություններին ի վերջո մասնակցել է մոտ 15 միլիոն քաղաքացի՝ ավելի շատ, քան ընդդիմադիր այդ ուժը ստացել էր 2023-ի խորհրդարանական ընտրություններում:
Մարտի 24-ին Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարեց Իմամօղլուի առաջադրման մասին։
Ձերբակալման պահին 53-ամյա քաղաքական գործիչն արդեն իսկ դատական քաշքշուկի մեջ էր՝ բողոքարկելով 2022 թվականին նրա դեմ ընդունված և ազատազրկում ենթադրող դատավճիռը։ Նա մեղավոր ճանաչվեց ընտրություններ կազմակերպող պաշտոնյաներին «հիմար» անվանելու համար, երբ նրանք չեղարկեցին Իմամօղլուի հաղթանակը 2019 թվականի քաղաքապետի ընտրություններում ՝ ստիպելով նրան կրկին մասնակցել ընտրություններին, որոնցից նա կրկին կարողացավ հաղթող դուրս գալ։
Անցած շաբաթվա ձերբակալությունից անմիջապես առաջ Իմամօղլուն վիճահարույց կերպով զրկվեց Ստամբուլի համալսարանի տված դիպլոմից, առանց որի նա փաստացի չի կարող առաջադրվել Թուրքիայի նախագահ:
«Բարեբախտաբար, այս գործողությունները նրան միայն ավելի հանրաճանաչ են դարձնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կիևի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իհոր Սեմիվոլոսը:
Էրդողանն ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը մեղադրում է «բռնության շարժում» հրահրելու մեջ, թեև ընթացող ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ ունեն։ Նա նաև պնդել է, թե ընդդիմադիր ուժը նպատակ ունի «շոուի միջոցով տնտեսությունը խորտակել»՝ կանխատեսելով, որ բողոքի ցույցերը կմարեն։
Դեպի «ընտրովի բռնապետությո՞ւն»
Ինչ արդյունք էլ ունենան փողոցում տեղի ունեցող իրադարձությունները, Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որն ամենաշատն է ասոցացվում ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, կարծես թե թափ է հավաքում:
Դա մեծ մասամբ Իմամօղլուի շնորհիվ է, ով կարողացավ իր ուղերձը հասցնել կուսակցության հիմքը կազմող՝ հասարակության քաղաքային, աշխարհիկ և կրթված հատվածներին։ Ի տարբերություն գործող նախագահի, ով հայտնի է իր ավելի շատ բաժանարար հռետորաբանությամբ, Իմամօղլուն որպես իր կարգախոսն է ընտրել «ամեն ինչ լավ է լինելու» արտահայտությունը:
Ըստ Սահմանադրության՝ Էրդողանը չպետք է կարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում իր ներկայիս ժամկետի ավարտից հետո, եթե խորհրդարանը արտահերթ ընտրություններ չնշանակի կամ եթե Մայր օրենքը չփոփոխվի:
Հունվարին Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հաստատեց, որ Թուրքիայի ղեկավարի չորրորդ նախագահական ժամկետը «օրակարգում է»:
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցում Թուրքիան այն 10 երկրների թվում է, որոնք ժողովրդավարական ազատությունների ամենամեծ անկումն են ապրել վերջին տասնամյակում:
Այնուամենայնիվ, ընտրությունները Թուրքիայում դեռ շատ մրցակցային մթնոլորտում են անցնում, ինչի վկայությունն է Իմամօղլուի հաղթանակը քաղաքապետի ընտրություններում 2019 և 2024 թվականներին:
2024 թվականին Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուներըտեղական ընտրություններում ողջ երկրով մեկ ավելի շատ ձայն ստացան, քան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Սա լուրջ հարված էր Էրդողանի՝ 2001 թվականին համահիմնադրած կուսակցության համար։
The Conversation-ի սյունակում Սան Դիեգոյի պետականհամալսարանի Իսլամական և արաբական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահմեթ Թ. Քուրուն գրել է, որ Թուրքիայի երկարամյա առաջնորդն ապացուցել է, որ «քարոզարշավ անցկացնելու վարպետ է, քանի որ կարողանում է առաջ տանել պոպուլիստական քաղաքականությունը, մանիպուլացնել լրատվամիջոցներն ու ընտրական պրակտիկաներն աշխատեցնել ընդդիմադիր կուսակցությունների դեմ»:
Սակայն այն պայմաններում, երբ տնտեսությունում մեծ գնաճ է գրանցվում, իսկ քաղաքական ասպարեզում իր դեմ իսկապես լուրջ մրցակից է հայտնվել, Էրդողանն այժմ «իրոք անհանգստացած է», որ այս մարտավարությունը կարող է և բավարար չլինել, գրել է Քուրուն:
Եթե իշխող վերնախավը շարունակի բռնաճնշումները, «դա կարող է Թուրքիայի քաղաքական համակարգը թերի ժողովրդավարությունից դարձնել «ընտրովի բռնապետություն», որը նման կլինի Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին», - պնդում է վերլուծաբանը: