Ծեծ, ուժի կիրառում, լուսաձայնային նռնակներ ու հարյուրավոր վնասված քաղաքացիներ և բերման ենթարկվածներ. հակակառավարական ցույցերով ուղեկցված 2024 թվականը նաև այսպես կհիշվի:
Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների օրերին հենց իր կուսակցության գրասենյակի առջև՝ մայրաքաղաքի կենտրոնում դաժանորեն ծեծվեց դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը:
Ծեծի կադրերն արագ տարածվեցին համացանցում: Սիմոնյանի կուսակից Գեղամ Մանուկյանն ընդգծում է՝ այսքանից հետո էլ ոչ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել, ավելին՝ շարունակում են աշխատել:
Բացահայտված չէ ոչ միայն այս, այլև մյուս ընդդիմադիր պատգամավորի գործը: Անձեռնմխելիություն ունեցող Արթուր Խաչատրյանին ուժով բերման ենթարկելու հեղինակները թեև հայտնի են, բայց մեղադրյալ չեն: Խաչատրյանը դեռ 7 ամիս առաջ է հրապարակել այդ անունները, բայց Քննչականում չեն շտապում մանրամասնել: Ինչո՞ւ:
Ոստիկանների գործողություններից տուժած տասնյակ այլ քաղաքացիների գործերով ևս իրավապահները որևէ ոստիկանի մեղադրանք չեն ներկայացրել:
Հունիսի 12-ի գործով մեղադրյալ են միայն վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները, իսկ ոստիկանների գործողությունները քննող քրեական գործով մեղադրյալներ չկան: Կես տարի է Քննչականում փորձում են պարզել՝ ինչպե՞ս 100 քաղաքացի ստացավ վնասվածքներ, այդ թվում՝ բեկորային, ովքե՞ր էին քաղաքացիներին բերման ենթարկող ու ծեծող ոստիկանները:
Նաիրա Բուլղադարյանի անդրադարձը՝ ստորև.