ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել և սահմանափակել ամերիկյան տնտեսության մուտքը BRICS-ի երկրներ, եթե այդ կառույցի անդամ երկրները հրաժարվեն դոլարով առևտրից։
«Գաղափարը, որ BRICS-ի երկրները կփորձեն հեռանալ դոլարից և մենք կկանգնենք ու կհետևենք դրան, ԱՎԱՐՏՎԱԾ Է», - Truth սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տուն վերադարձող Թրամփը և հավելել, - «մենք այդ երկրներից պահանջում ենք պարտավորվել, որ չեն ստեղծի BRICS-ի նոր արժույթ և չաջակցել որևէ այլ արժույթի՝ փորձելով փոխարինել հզոր ԱՄՆ դոլարը»:
ԱՄՆ նորընտիր նախագահը նախազգուշացրել է՝ ցանկացած երկիր, որը կփորձի չհետևել իր հորդորին «կարող է Ամերիկային հրաժեշտ տալ»։
BRICS -ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից ստեղծված կազմակերպություն է, որին հետագայում միացել է Հարավային Աֆրիկան, ապա՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան։ Կազմակերպության այս տարվա գագաթնաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։