ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփն Ուկրաինայում արդեն երեք տարուց ավելի ընթացող պատերազմի համար կրկին մեղադրել է ինչպես ԱՄՆ նախկին, այնպես էլ Ուկրաինայի ու Ռուսաստանի գործող նախագահներին: Թրամփն ասել է, որ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին կարող էին կանգնեցնել պատերազմը, սակայն չեն արել, իսկ Վլադիմիր Պուտինն առհասարակ չպետք է սկսեր այն:
«Երբեք չպետք է թույլ տրվեր, որ այս պատերազմն սկսվեր: Բայդենը կարող էր կանգնեցնել այն, և Զելենսկին կարող էր կանգնեցնել այն, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր: Բոլորն են մեղավոր», - ասել է Թրամփը:
Ուկրաինացիների արձագանքը
Ուկրաինացիները հակադարձել են Թրամփին: Կիևի բնակիչ Բրոնիսլավան ասել է, որ Թրամփն անհիմն հայտարարություններ է անում, քանզի պատերազմն սկսել է Ռուսաստանը. «Պուտինն է սկսել պատերազմը: Ռուսաստանը ներխուժեց մեր տարածք: Սպանում են, ոչնչացնում, սարսափի են մատնում ժողովրդին։ Նրանք սպանում են երեխաներին, մեր ապագան»:
Մեկ այլ բնակիչ՝ Մարիա Կրավչուկն էլ կարծում է, որ Թրամփի հայտարարությունը խոսում է նրա անվճռականության մասին. «Երբ նա առաջադրվեց նախագահական ընտրություններում, ասաց, որ պատրաստ է ավարտել պատերազմը հաջորդ օրը: Հիմա, երբ ձախողում է, մեղադրում է իր շրջապատում գտնվող բոլորին ... Նա պարզապես անսկզբունքային է»:
Ուկրաինայի նախագահին քննադատել է նաև ԱՄՆ փոխնախագահը։ Նախօրեին Վլադիմիր Զելենսկին CBS News-ին ասել էր, թե Ջեյ Դի Վենսն արդարացնում է Պուտինի գործողությունները։ Վենսը հայտարարել է, որ ինքը 2022 թվականից ի վեր դատապարտում է Ռուսաստանին, սակայն դրանից հետո փորձել է հասկանալ կողմերի նպատակները, և դա չի նշանակում, որ աջակցում է Ռուսաստանին: Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ նման հռետորաբանությունը «միանշանակ անարդյունավետ է»:
«Կարծում եմ՝ անհեթեթ է, երբ Զելենսկին ասում է, որ ամերիկյան կառավարությունը, որն այժմ աջակցում է նրա ողջ կառավարությանն ու ռազմական ջանքերին, ինչ-որ կերպ ռուսների կողմն է», - ընդգծել է նա:
The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, իր հերթին գրում է, թե Թրամփի թիմում տարաձայնություններ կան Ռուսաստանի հարցում վարվող քաղաքականության շուրջ: Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն փորձում են նախագահին համոզել ավելի զգույշ լինել Մոսկվայի հետ հարաբերություններում և ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։ Մինչդեռ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այլ տեսակետ ունի, և նախագահը կիսում է այն:
«Թրամփը, այդուհանդերձ, դեռ կիսում է ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի տեսակետը, ով Մոսկվայում Պուտինի հետ երկու անգամ հանդիպելուց հետո կարծում է, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել», - գրում է թերթը:
Համաձայնագրի հստակ շրջանակ դեռ չկա. Պեսկով
Իսկ ի՞նչ փուլում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը. Կրեմլի խոսնակն ասել է, որ մեծ աշխատանք է արվում, սակայն դա այնքան բարդ խնդիր է, որ դժվար է արագ արդյունք ակնկալել: Դմիտրի Պեսկովը նշել է, որ համաձայնագրի հստակ շրջանակ դեռ չկա:
«Խաղաղության համաձայնագրի հստակ ուրվագծեր դեռ չկան, բայց կա քաղաքական կամք՝ շարժվել դեպի այդ համաձայնագիրը», - նշել է նա։
Պեսկովը նաև տեղեկացրել է՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույց առաջիկայում չի նախատեսվում:
Զելենսկին կրկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը
Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային 15-րդ անգամ առաջարկել է մայիսի 9-ից ևս 90 օրով երկարաձգել 2022-ից հայտարարված ռազմական դրությունը: Երեկ էլ իր երեկոյան ուղերձում ասել է, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Ուկրաինան համաձայնել է ամբողջական հրադադարի ամերիկյան առաջարկին, մինչդեռ Ռուսաստանը հրաժարվել է և շարունակում է պատերազմը:
«Արդեն 34 օր Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է հրադադարից։ Հիմա, ինչպես տարիներ շարունակ Պուտինը կենտրոնացած է պատերազմը, սպանությունները շարունակելու վրա», - նշել է Զելենսկին:
Նա նաև ԵՄ երկրների առաջնորդներին հրավիրել է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրն այցելել Կիև: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն իր հերթին ԵՄ երկրներից պահանջել է չմասնակցել Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին: Պեսկովն ասել է, որ Կալլասի հայտարարությունները տեղին չեն, իրենք մոտ 20 երկրի առաջնորդի են սպասում այդ օրը:
Ռուս-ուկրաինական ճակատում իրադրությունը մնում է լարված: Ռուսական զինուժը երեկ կրկին հրթիռակոծել է Սումին: Ի տարբերություն կիրակի օրը 35 մարդու կյանք խլած հարվածի՝ երեկ խաղաղ բնակիչներ չեն տուժել: Ուկրաինական կողմն իր հերթին անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Կուրսկի վրա, կա մեկ զոհ, ինը վիրավոր, վնասվել է 24 բազմաբնակարան շենք: