Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Վաշինգտոն


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա թուրքական դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Ֆիդանը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Anadolu-ն, վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, նշում է, որ Ֆիդանն ԱՄՆ-ում կքննարկի Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ռազմավարական քայլերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հարցեր։

Ավելի վաղ, Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ թուրք պաշտոնյաների, հայտնել էր, որ Էրդողանը ձգտում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ։ Պաշտոնյաներն ասել էին, որ Էրդողանն Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը կարևոր է համարում տարածաշրջանային կայունության առումով՝ ընդգծելով Ուկրաինայից մինչև Սիրիա կարևոր միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումը։

Anadolu աղբյուրն ասել է, որ Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնում կընդգծի նաև Անկարայի աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերին, աջակցություն կհայտնի հրադադարի նախաձեռնություններին և դրանց իրականացման հարցում Անկարայի պատրաստակամությունը։ Ֆիդանը Վաշինգտոնում կքննարկի նաև Գազայի, Սիրիայի հարցը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG