Մատչելիության հղումներ

Թումանյանի թանգարանը շուրջ մեկ տարի է՝ կողպված է, 2-րդ մասնաշենքի մեծ մասը քանդել են ու կանգ առել. ինչո՞ւ


Թումանյանի թանգարանը շուրջ մեկ տարի է՝ կողպված է։ Կրթության, մշակույթի նախարարությունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարեց թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման շինարարություն են սկսում, 31 ամիս կտևի։ 12 ամիսն անցել է՝ առայժմ ոչինչ չի նորոգվել, ոչինչ չի վերակառուցվել՝ երկրորդ մասնաշենքի մեծ մասը քանդել են ու կանգ առել՝ արդեն վեց ամիս է այստեղ ոչինչ տեղի չի ունենում։ Ինչո՞ւ:

«Նոր ուսումնասիրություն իրականացնելուց հետո սեյսմիկ եզրակացություն ստացանք, որ այն մասնաշենքը, որը պետք է ուժեղացվեր, ենթակա էր քանդման և նորը կառուցման: Այդ պատճառով, քանի որ գնման առարկան էլ փոխվում է շինարարական կազմակերպության հետ, մենք գնացինք փոփոխության՝ նոր նախագծի ձեռքբերման փուլով», - ասաց ԿԳՄՍ նախարարության կազմակերպատնտեսական վարչության պետ Հրանտ Մկրտչյանը:

Կրթության, մշակույթի նախարարության կազմակերպատնտեսական վարչության պետն ասում է՝ նախագծի փոփոխությունն է 6-ամսյա այս դադարի պատճառը։ Այդքան երկար է տևում, որովհետև նախագծող ընկերությունում գործը շատ է։ Շինարարությունն իրականացնող «Կիր Քար» ընկերության աշխղեկը, որ ներկայանալ չցանկացավ, ասում է՝ գործի ընթացքում պարզ դարձավ, որ այն մասը, որ պիտի չքանդվեր ու միայն ամրացվեր, պիտի քանդվի, որովհետև հետո սեյսմիկ ռիսկեր կառաջանային:

Երկրորդ մասնաշենքի տեղում հիմա ավերակներ են ու շինարարական աղբ։ Ի դեպ, այստեղ չեն էլ սպասել փաստաթղթերի կարգավորմանը ու քանդել են ինչ հնարավոր է, շինարարական ահռելի աղբ է քաղաքի կենտրոնում, դա ինչո՞ւ չի հեռացվել, հարցրինք աշխղեկին:

«Թույլատրություն է պետք, որը պիտի տան, որ կարողանան զիբիլը տանենք, դրա համար ֆինանսավորում է պետք, ամեն ինչ պետք է», - պատասխանեց նա:

Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ շինաղբի տեղափոխումը այս նախագծի անքակտելի մասն է, կտանեն, երբ շինարարությունը վերսկսվի։

Թումանյանի թանգարանի հիմնական շենքը հուշարձանի կարգավիճակ ունի, ավելի ուշ կողքի քանդման ենթակա մասնաշենքն է կառուցվել։ Ըստ թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի՝ մասնագիտական եզրակացություն կար, որ այդ շենքի հիմքերը թույլ են:

«Նախագծային վերջնական փաթեթում ներկայացվել է ամբողջական քանդում և նորի կառուցում», - նշեց Եղիազարյանը:

Անի Եղիազարյանի պաշտոնավարման օրոք հաստատվեց նախագիծն ու ազդարարվեց շինաշխատանքների մեկնարկի մասին, թանգարանն, ասում է, հիմնանորոգման ու նաև տարածքի ավելացման խնդիր ուներ:

«Թանգարան իր 70-ամյա գործունեության ընթացքում և՛ իր գործառույթներն է շատ մեծացրել, և՛ ծավալները, և՛ այցելուների քանակը, և՛ դեպի թանգարան-ինստիտուտ գնալու հեռանկարն ուներ, դրա համար նախատեսվեց, որ շենքը բերվի ժամանակակից միջազգային չափորոշիչների», - ներկայացրեց նախկին տնօրենը:

Նախորդ տարվա սեպտեմբերին շենքը հանձնեցին շինարարներին ու Եղիազարյանն էլ չգիտի, թե ինչ եղավ հետո։ Նա աշխատանքից հեռացվեց ու այժմ դատարաններում վիճարկում է վերադասի այդ որոշումը։ Մինչև հեռանալը հասցրեց թումանյանական ցուցանմուշները տեղավորել տարբեր ապահով հասցեներում՝ Մատենադարանում, Սարյանի թանգարանում, իսկ Թումանյանի թանգարանի անձնակազմն ու շուրջ 17 հազար ցուցանմուշներից միայն 167-ը տանիք են գտել Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնում:

«Ճիշտ էր ընդհանրապես պարապուրդի չուղարկելը թանգարանին, որովհետև դա կնշանակեր 3 տարի սառեցնել Թումանյանի թեման», - ասաց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը:

Նոր հասցեում այցելուների նախկին քանակն ու դրամական մուտքերը չունեն, բայց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը շեշտում է՝ լավ կլիներ, որ այստեղ էլ շարունակեին թանգարանի թեկուզ մասնակի գործունեությունը՝ Մաթևոսյան-Թումանյան. երկու մեծ լոռեցիները արդեն իսկ մեկ ընդհանուր ցուցադրությամբ են ներկայացվել։

Կրթության նախարարությունում խոստանում են՝ շինարարությունը կվերսկսվի սեպտեմբերին, թումանյանցիները թանգարան կվերադառնան 31 գումարած 6 ամսից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG