Մատչելիության հղումներ

Թորոսյան. Չենք կարող հրաժարվել խաղաղության գործընթացից


«Եթե մենք, այնուամենայնիվ, գանք համաձայնության, որ պետք է այդ էջը փակենք, փոխադարձաբար հրաժարվենք, որովհետև իրենք էլ ունեն մեր դեմ հայցեր, մենք էլ ունենք իրենց դեմ հայցեր, և եթե դա լինի պայման, որ մենք, այնուամենայնիվ, այդ ամենակարևոր քայլը անելու ենք խաղաղության ճանապարհին, մենք դա պետք է անենք», - «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք միջազգային ատյաններից հայցերի հետքաշումը, ինչը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի պայմաններից է, չի նշանակում փակել արցախցիների վերադարձի թեման, որ էթնիկ զտմանն այդպես էլ գնահատական չի տրվի, Թորոսյանը շարունակեց. - «Ինչ վերաբերում է իրավունքներին, համաձայն եմ, որ այդպիսի խնդիր կա, բայց եկեք մի քիչ ավելի շրջահայաց գտնվենք և Հայաստանի ճանաչված պետության հարատևության հարցը կասկածի տակ չդնենք պոտենցիալ վերադարձի հնարավորությամբ: Այսինքն, եթե այդ հարցը դնենք կշիռների վրա, ես անկեղծ պետք է ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ավելի կարևոր է, քան այդ հարցը»:

«Իսկ Եվրամիության դիտորդների դուրսբերո՞ւմը [Բաքվի մեկ այլ պահանջը. - խմբ.], չէ՞ որ Դուք էիք ասում, որ նրանք կայունություն են բերել տարածաշրջանում», - այս հարցին էլ ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. - «Իհարկե, և դա ապացուցվել է, մենք բոլորս դա տեսել ենք, և շատ պարզ լուծում կա դրան, որը մենք առաջարկել ենք՝ դելիմիտացված հատվածներում չունենալ որևէ երրորդ երկրի ներկայացուցիչ: Ի դեպ, խաղաղության համաձայնագրի տեքստում ուժերի մասն է գրված, իսկ դիտորդները ուժեր չեն, նրանք քաղաքացիական անձինք են ըստ էության, որոնք զինված են միայն հեռադիտակներով՝ լավագույն դեպքում, նրանք ուժեր էլ չեն կարող դիտարկվել որպես: Բայց եթե նույնիսկ խոսքը դրա մասին է, ապա պատասխանը շատ պարզ է՝ իհարկե, ոչ մի խնդիր, եկեք ունենանք դելիմիտացված-դեմարկացված չվիճարկվող հատվածներ, և այդտեղ որևէ մեկը չկանգնի»:

«Կարծես համաձայն չեն», - այս դիտարկմանն էլ Թորոսյանն արձագանքեց. - «Գիտե՞ք, համաձայն չեն, մենք կշարունակենք աշխատել, որպեսզի համաձայնեցնենք, դա է մեխանիզմը: Ի՞նչ անենք, լավ, համաձայն չեն, ի՞նչ անենք, հրաժարվե՞նք խաղաղության գործընթացից և բանակցություններից: Եթե դա է առաջարկը, ես կարծում եմ՝ դրա արդյունքը կամ հետևանքը շատ պարզ է, թե ինչ է լինելու: Հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել և այլ բան անել, քան անում ենք»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ ղարաբաղյան բանակցությունների փաստաթղթերը չեն հրապարակվում, իշխող կուսակցության պատգամավորը պատասխանեց. - «Միգուցե և, եթե հասկանանք, որ դա այս պահին տեղի ունեցող պրոցեսին չի խաթարի որևէ կերպ, խաղաղության գործընթացին, և դրանք հրապարակվեն, բայց այն, որ վարչապետը հրապարակային բանավեճի կանչեց փաստացի բոլոր հիմնական բանակցողներին երբևէ եղած, և այդ բանավեճը տեղի չունեցավ մյուս երեքի մերժման պատճառով, արդեն խոսում է նրա մասին, որ ճշմարտությունը թաքցնելու, կամ ոչ թե թաքցնելու, այլ մանիպուլացնելու հակված ենք ոչ մենք»:

«Թող գային մարդիկ, գային բանակցեին իրար մեջ՝ բոլորի աչքի առաջ, և ի վերջո այդ բանավեճի ինստիտուտն էլ թող կայանար: Հա, ընտրություն չի դիմացը և այլն, բայց շատ կարևոր հարց է, կարևորագույն հարցերից մեկն է մեր պետության, պետականության, ընդհանրապես մեր առաջ գնալու տեսանկյունից՝ որպես երկիր: Բայց դա տեղի չունեցավ, էլի ինչ-որ անհեթեթ մեկնաբանություններ՝ բա «չունենք ձեր հետ բանակցելու, ի՞նչ բանակցենք», էսինչը էսինչ մարդու հետ: Ճիշտ էիք՝ գայիք բանակցեիք, ապացուցեիք», - ասաց Արսեն Թորոսյանը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին Հայաստանի երեք նախագահների արձագանքներին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG