Մատչելիության հղումներ

«Մենք շատ ենք կարևորում, որ Մայք Ուոլցը հատուկ նշել է բանտարկյալների ազատման մասին». Արսեն Թորոսյան


ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյան
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» դրական և կարևոր են գնահատում խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու և բանտարկյալներին ազատ արձակելու մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը:

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը շեշտում է՝ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական ասել է այն, ինչը նաև ասում է Հայաստանի իշխանությունը:

«Ես շատ եմ կարևորում, մենք շատ ենք կարևորում, որ Մայք Ուոլցը հատուկ նշել է բանտարկյալների ազատման մասին: Նա ասել է, որ նախ պետք է խաղաղության գործարքը վերջնականացվի, ազատվեն բանտարկյալները և աշխատենք միասին՝ ավելի ապահով և բարգավաճ ռեգիոն ունենալու համար։ Ես ցիտում են Մայք Ուոլցի բառերը: Սա ուղղակիորեն այն է, ինչ մենք ենք ասում: Իմ խորին համոզմամբ, և մեր խորին համոզմամբ, մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու բանալին խաղաղության պայմանգիր կնքելու և այն իրագործելու մեջ է», - ասաց Թորոսյանը:

Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը X-ում գրել էր, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի՝ տեղեկացնելով, որ անցնող շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

Ուոլցն առաջընթաց մեծ քայլ էր համարել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը, մասնավորապես, շեշտելով․ - «Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG