Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններ Ռուսաստանում և բռնակցված տարածքներում, ՌԴ խորհրդարանի ընտրություններ՝ Ղրիմում


Ռուսաստանում և Մոսկվայի կողմից բռնակցված տարածքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության երկրորդ օրն է։ Նահանգապետեր և շրջանային օրենսդիրներ են ընտրում 83 մարզերում և քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում:

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան այսօր հայտարարել է, որ ընտրություններն անցնում են սովորական ռեժիմով։ Մինչդեռ անկախ աղբյուրները հայտնում են, որ երեկվանից դիտորդներին զանգվածաբար թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր։ Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանում 112 դիտորդների թույլ չեն տվել վերահսկել քվեարկությունը, ըստ իշխանությունների՝ հաստատված ցուցակներում չլինելու պատճառով:

Ընտրական գործընթացներին հետևող «Գոլոս» շարժումն արձանագրել է «կարուսելի» և այլ ընտրախախտումների դեպքեր։

«Ագենտստվո» պարբերականը երեկ հայտնել է իշխանությունների կողմից ընտրողների մասնակցությունն ավելացնելու փորձերի մասին, ըստ աղբյուրի՝ ներգրավվել են մանկապարտեզների դաստիարակներ։

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում ևս ընտրություններ են անցկացվում, ուկրաինական թերակղզու շուրջ 1,5 միլիոն բնակիչներ պետք է ընտրեն ռուսաստանյան խորհրդարանի անդամների։

«Ազատության» “Крым.Реалии” նախագիծը շեշտում է, որ քվեարկությունն անցնում է առանց միջազգային դիտորդների, քվեարկության արդյունքները միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը և այլ կազմակերպություններ չեն ճանաչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG