Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովան»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը», խոսել Չեմպիոնների լիգայի, ազգային հավաքականի, Հենրիխ Մխիթարյանի, հայկական ֆուտբոլի, ապագա մարզչի և այլ թեմաների մասին։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Տիգրա՛ն, Ձեր գոլը «Սլովան»-ին օգնեց պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ պահին։
Տիգրան Բարսեղյան. - Ճիշտն ասած, այդ ժամանակ արդեն 2:2 էր, ու մի քանի րոպե էր մնացել խաղի ավարտին, հետ պաս ստացա, խաղընկերս էլ կողքն էր, առաջին միտքը՝ ուզում էի գնդակը թողնել իրեն, ես բացվեի, ազատ տարածություն կար, հետո ասացի՝ լավ, ինչ լինում է, թող լինի։ Երբ գնդակը գոլ մտավ, մի քանի վայրկյան չէի հավատում, մտածում էի՝ երազ է, ոչ ռեալ ժանրի մի բան, բայց երբ խաղը վերջացավ, մի քիչ հանգստացա, արդեն սթափության եկա ու շատ-շատ ուրախացա, որ կարողացավ հայ ֆուտբոլիստի գոլի շնորհիվ իմ թիմը ու ես խաղանք Չեմպիոնների լիգայում։ Որովհետև Հենոյից հետո, ճիշտն ասած, ես երկրորդ ֆուտբոլիստն էի, որ խաղաց Չեմպիոնների լիգայում։
«Ազատություն». - Այս շրջանում ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան խաղը։
Տիգրան Բարսեղյան. - Երևի այդ խաղն է եղել, որ հաղթեցինք, դա ամենահիշարժանն է, ճիշտ է, ուրիշ խաղեր էլ են եղել առաջնությունում, որ պարտվելուց ենք եղել կամ ծանր դրության մեջ ենք եղել, ու իմ գոլերի շնորհիվ կարողացել ենք հաղթել, բայց այդ խաղը ու Հովոյի հետ, որ «Վարդար»-ում խաղացինք ու հաղթեցինք «Ֆեներբախչե»-ին, այդ երկու խաղը երևի իմ կարիերայի պատմության ամենալավ խաղերից են։
«Ազատություն». - Ի՞նչ պետք է անել, որ ավելի շատ հայ ֆուտբոլիստների տեսնենք Չեմպիոնների լիգայում։
Տիգրան Բարսեղյան. - Գիտեք, ֆուտբոլը անհատական սպորտ չէ, բայց շատ ցավալի է, որ քիչ հայ ֆուտբոլիստներ են Եվրոպայում խաղում, ու ովքեր էլ որ գնում են, ինչ-ինչ պատճառներով վերադառնում են կա՛մ Հայաստան, կա՛մ Ռուսաստան, կա՛մ իրենց թիմեր։ Կողքից կարող է թվալ, թե Եվրոպայում խաղալը հեշտ է, բայց այդպես չէ։
Եթե մենք ասում ենք, որ լեգիոները, որ գալիս է Հայաստան, պետք է մեկ-երկու գլուխ ավելի լավ խաղա տեղացի ֆուտբոլիստից, էստեղ՝ մեզ համար, մեկ-երկու գլուխ չէ, ավելի ու ավելի բարձր պիտի լինես։ Ու մեկ-երկու խաղ, որ դու քո մակարդակից ցածր ես խաղում, արդեն սկսվում են խնդիրները, խոսակցությունները, թե ինչու պետք է իրեն շանս տանք և այլն։ Պետք է ճիշտ ժամանակին դուրս գալ թեկուզ Հայաստանից, որ այդ խնդիրը չլինի, որ դու հավատաս քո ուժերին։ Թեկուզ եթե մի քանի վատ խաղ լինի, մտովի ավելի կայուն լինես ու կարողանաս դժվարությունները հաղթահարել ու գնալ նպատակիդ հասնելու։
Շուրջ մեկ տարի ազգային հավաքական չհրավիրվելու, հայկական ֆուտբոլի, ապագա մարզիչի, Հենրիխ Մխիթարյանի և այլ թեմաների մասին, ինչպես նաև Բրատիսլավայի «Սլովան»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ հարցազրույցը՝ «Ազատության» տեսանյութում.