ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ նրանք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը, դրա համար չպետք է ձերբակալվեն։
ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Օրերս Բաքվի Խաթայի շրջանի դատարանը 3 ամիս 20 օրով կալանավորեց տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին, ով ներգրավված է Abzas Media անկախ հրատարակության գործով: Դրա մի խումբ աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության համար։ Նա դատարանում հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ գործնական կապեր չունի Abzas Media հրատարակության հետ։
Ավելի վաղ արժույթի մաքսանենգության գործով դատարանը ձերբակալել է Abzas Media-ի վեց աշխատակիցների։ Ավելի ուշ կալանավորվել են «Կանալ 13» անկախ ինտերնետային հեռուստաալիքի երեք աշխատակիցներ։