54-ամյա տղամարդը կալանավորվել է՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն:
ՔԿ-ն տեղեկացնում է՝ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մի շարք քաղաքացիներ իրականացրել են անհնազանդության ակցիաներ, որի ընթացքում արգելափակել են ճանապարհի երթևեկելի հատվածը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ակցիայի մասնակիցներին՝ ճանապարհի երթևեկելի հատվածը բացելու օրինական պահանջ են ներկայացրել, ինչը, սակայն, չի կատարվել:
Ընդգծելով, որ 54-ամյա բնակիչը, քննության տվյալներով, չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող, Քննչականը նշում է՝ երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և ցանկացել իր օրինական ծառայողական գործունեության շրջանակներում իրականացնել վարչական ձերբակալում, տղամարդը, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին:
Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել էր «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոնը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: