Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։
Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, կարճ տևեց, մարզպետը հեռացավ՝ առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։
«Ազատության»-ն հարցը, թե ի՞նչ էին քննարկում բնակիչների հետ, մարզպետն անպատասխան թողեց, փոխարենը բարձրացրեց մեքենայի լուսամուտն ու հեռացավ։
Գյուղացիները երեկվանից փակել էին Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհը։ Մարզպետի հետ հանդիպումից հետո նրանք ճանապարհը բացեցին, ապա հավաքվեցին գյուղապետարանի մոտ՝ քննարկելու հետագա անելիքները։
Նրանք վրդովված են Երևանի ու Բաքվի համաձայնությունից։
Գյուղացիները երեկ պահանջում էին, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունն իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։
Կիրանցում երեկ մերժեցին մարզկենտրոն Իջևանում փոքր թվով գյուղացիների հետ հանդիպելու կառավարության առաջարկը։ Հրաժարվեցին նաև Տավուշի մարզպետի գյուղի դահլիճում փակ քննարկումների առաջարկից։ Ասացին՝ թող պաշտոնյաները գան Կիրանց ու լրատվամիջոցների ներկայությամբ ասեն իրենց ասելիքը։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
Ադրբեջանին, ըստ այդ արձանագրության, կանցնի Կիրանցի կամուրջը, 2-3 ամսում պետք է նոր ճանապարհ կառուցվի։ Կառավարությունն ընդունում է, որ գյուղացիները նաև գույք կկորցնեն, հստակ թիվ, սակայն, չեն նշում՝ խոստանալով փոխհատուցում։
Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանն երեկ կառավարության նիստին «մեծ հաջողություն» որակեց, ասաց՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
Տե՛ս նաև այստեղ