Իրանում Ադրբեջանի դեսպանատունը փոխել է հասցեն՝ տեղափոխվելով «ավելի ապահով վայր», հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ անցյալ տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպից հետո իրանական կողմի հետ բանակցություններում Բաքվի հիմնական պահանջներից էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության լիարժեք երաշխիքները։
«Իրանական կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել մեր դեսպանատունը նոր, ավելի ապահով վայր տեղափոխելու ուղղությամբ, որը համապատասխանում է դեսպանության [գործունեության] համար անհրաժեշտ բոլոր պահանջներին։ Դեսպանատան նոր վայրն արդեն որոշված է և համապատասխամ միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեսպանատան համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այդ աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է վերսկսել դեսպանության գործունեությունը», - ասել է Հաջիզադեն։
Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունն անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
Հարձակումը, որը Բաքուն անվանել է «ահաբեկչական ակտ», հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման, Ադրբեջանը տարհանել էր իր դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից: