Փոքրիկ Արցախը ծնվել է Արցախից 350 կմ հեռու Չարենցավանում, մեծանում է Արցախին ամենամոտ՝ Կոռնիձոր գյուղում:
«Իրան հերն ա որոշալ: Ասում ա՝ պետք ա իմ երրորդ տղուս անունը Արցախ լինի: Մեկը կորցրալ ենք, գոնյա մեկը մնա», - ասում է Արցախի տատիկը՝ Նոնա Մովսիսյանը:
Պապիկը՝ Կամո Մովսիսյանը, հայացքը պատուհանից չի կտրում. այնտեղից ծանոթ ու հարազատ սարերն են երևում. -
«Ստե սար կա դաժե, որ երևում ա ստեղից, Ստեփանակերտից էլ էդ սարը նորից երևում ա, տի շատ մոտ ենք»:
Տեղահանվելուց հետո ընտանիքով հաստատվեցին Չարենցավանում, վերադարձան Կոռնիձոր, որ իրենց կորցրած տանն ավելի մոտ լինեն: Պատուհանից բացվող տեսարանին նայելիս կարոտում են իրենց տունը, հողը, հարազատների գերեզմանները. - «Ասում ենք՝ էս մի հատ թումբն ա, անցնում ենք՝ ընդեղ ենք»:
Ստեփանակերտի Զորգե թաղամասի եռահարկ, սիրուն տան ընդարձակ պատշգամբում մնաց վեցամյա Կամոյի խաղալիք ավտոմեքենան, այն մեծ տոնածառը, որ զարդարում էին բոլոր տարիներին: Այս մեկը ուսուցչուհին է նվիրել, որ տան փոքրերը՝ Կամոն, Յուրան ու Արցախը Ամանորը նշեն այնպես, ինչպես Արցախում կնշեին: Տան մեծերը տոնական տրամադրություն չունեն արդեն երկու տարի:
«Մեզ հետի հինչ Նոր տարի, տուն-տեղը կորցրած: Երեխաների համար ա Նոր տարին, որ մի քիչ ուրախանան», - ասում է Նոնա Մովսիսյանը:
Տիկին Նոնան երազում ու չի հավատում, թե այս հերթական՝ գալիք տարին իրենց հետ՝ տուն կտանի. - «Տեսնանք 25 թիվը կկարա՞նք վերադառնանք Արցախ: Հույս կա՞ բայց: Տեսնանք: Մենք հույսավ ենք էլի, որ կարա հետ գնանք: Դե էտ ա, հինչ ասեմ: Կարիքը, կարոտը ունենք: Թեկուզ էս փոքր երեխան ասում ա՝ մամ, բաբո, մեր մաշինը բալկոնումն ա, քինանք խաղ անենք»:
Սուգրա բաբոն իր կյանքի 85 տարիները Արցախում է ապրել, Կոռնիձորի տներից մեկի առաջին հարկում տանտիրոջ իրերի մեջ իրեն պատկանող միակ անկողինը տեղավորել, վերջին մեկ տարին ապրում է ու չի հարմարվում:
60-ականներից Ստեփանակերտի գործվածքների ֆաբրիկայում էր աշխատում Սուգրա Հովսեփյանը, հաստոցի մյուս կողմում ադրբեջանցի կանայք էին, հիշում է՝ «հաշտ ու խաղաղ»: Լավ աշխատանքի համար Սովետմիության կողմից շքանշաններով է պարգևատրվել, որոնք տնից դուրս գալիս իր հետ վերցել ու խնամքով է պահում:
«Թա թորք ա իլալ, թա հայ ա իլալ, ռուս ա իլալ, մի սեղանի վրա հաց ենք կերալ: Պատկերացում իլալ չի վեր էս օրին կհսնեինք», - ասում տարեց կինը:
Վարձով տան նեղությունը չէ, փախստականի կարգավիճակն է, որ տանջում է Սուգրա բաբոյին: Անցյալի հուշերով է փորձում ցրել դառը իրականությունը: Այս օրերին Ստեփանակերտի իր երեքսենյականոցում առաստաղին հասնող տոնածառ էր դնում, գույնզգույն լույսեր ու խաղալիքներ կախում, որ թոռները գան ու ուրախանան:
Սուգրա տատիկին և ևս 35 արցախցիների ջերմությամբ ընդունել են Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում: Գյուղի կենտրոնում տոնածառ կա զարդարված, մարդիկ ապրում են խաղաղության ակնկալիքով:
«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.