Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, երբ «կավարտի նամակի վերլուծումը»։
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղային ասել է, որ Թեհրանը մտադիր չէ հրապարակել նամակի բովանդակությունը, ընդգծելով, որ այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում, հիմնականում շահարկումներ են։ Այդուհանդերձ, նա հավելել է, որ նամակի ենթատեքստը չի տարբերվում ԱՄՆ նախագահի հրապարակայնորեն ասածից։
Նախորդ շաբաթավերջին Թեհրանը հաղորդեց, որ ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղարկած նամակը, «այժմ վերլուծում է նամակի բովանդակությունը, ինչից հետո որոշում կկայացվի, թե ինչպես արձագանքել»։
Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել, և որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին։ Ուղերձը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի միջոցով է փոխանցվել Իրանի ԱԳՆ։