Թբիլիսիում կտեղադրվի 18-րդ դարում Ռուսաստանի հետ դաշնագիր կնքած Հերակլ 2-րդ թագավորի արձանը։ Այս մասին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ հուշարձանը կտեղադրվի Կախեթիի խճուղու վրա՝ Ներքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու։
Հերակլ 2-րդ-ը Վրաստանի պատմության ամենավիճելի կերպարներից մեկն է։ Նա 1783 թվականին Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան դաշնագիրը։ Այս փաստաթուղթն, ըստ վրացական պատմագրության, հիմք էր հանդիսացել Քարթլի-Կախեթիի թագավորության՝ Ռուսաստանի կողմից բռնակցման համար, որը տեղի էր ունեցել պայմանագրի կնքումից 18 տարի անց՝ 1801 թվականին։
«Մեր պարտքն է արժանին մատուցել վրացական պատմությանն ու այն բոլոր հերոսներին, որոնք պահպանել են մեր կրոնական և ազգային ինքնությունը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ Հերակլ 2-րդ-ին «հրաշալի ազգային հերոս» անվանելով։