Անհրաժեշտության դեպքում Թբիլիսին պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն առաջ մղելու համար, այսօր Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք հպարտ ենք Ադրբեջանի և Վրաստանի միջև մեր բարեկամական հարաբերություններով։ Եթե անհրաժեշտություն լինի պատրաստ ենք ավելի ակտիվ դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների առաջ մղման գործում», - Բաքվում, լրագրողների հետ զրույցում, ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Սեպտեմբերի վերջին Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ տրամադրել Երևանին ու Բաքվին, որը հնարավորություն կտա վերականգնելու վստահությունը երկու երկրների միջև։
Թբիլիսին անցած տարիներին փորձել է հյուրընկալել հակամարտող հարևաններին։ 2021-ի ամռանն Ադրբեջանում պահվող 15 հայ գերիներն ազատ արձակվեցին նաև Թբիլիսիի միջնորդությամբ, հաղորդվում էր, որ գործընթացում այն ժամանակվա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել։