Մատչելիության հղումներ

Թբիլիսին հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է առաջարկում Երևանին ու Բաքվին


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Թբիլիսին հայտարարում է, որ պատրաստ է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ տրամադրել Երևանին ու Բաքվին, որը հնարավորություն կտա վերականգնելու վստահությունը երկու երկրների միջև։

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում, իր ելույթի ժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շեշտել է՝ սեփական փորձից գիտեն, թե որքան կարևոր է խաղաղությունը։

«Հարավային Կովկասը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի վերածելու ջանքերի ջատագովն ենք», - հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղ գործընթացը» և հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը։

«Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր էլ պատրաստ ենք ապահովել տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կնպաստի երկրների միջև համագործակցության և վստահության վերականգնմանը՝ անցյալում թողնելով տարաձայնությունները, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին», - նշել է Կոբախիձեն:

Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Թբիլիսի մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում Վրաստանի վարչապետը կրկին հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանի կայունության հարցում:

«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Մեր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են»,- ասել էր Կոբախիձեն։

Թբիլիսին անցած տարիներին փորձել է նաև հյուրընկալել հակամարտող հարևաններին։ 2021-ի ամռանն Ադրբեջանում պահվող 15 հայ գերիներն ազատ արձակվեցին նաև Թբիլիսիի միջնորդությամբ, հաղորդվում էր, որ գործընթացում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG