Մատչելիության հղումներ

5 տարվա ընդմիջումից հետո Թուրքիան հրավիրվել է ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը


Այսօր Բրյուսելում մեկնարկում է ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Օրակարգում միջազգային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի և Գազայի հատվածի իրավիճակի շուրջ քննարկումներ են։

Հինգ տարվա ընդմիջումից հետո Թուրքիան հրավիրվել է մասնակցելու այսօրվա հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը Հաքան Ֆիդանին Բրյուսել հրավիրելը գհահատել է որպես ԵՄ-ի կողմից «երկխոսության որոնում» և հույս հայտնել, որ այն ճանապարհ կհարթի 2019-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման փոփոխության համար։

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հրավերը ազդանշան է, որ տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների ֆոնին Եվրամիությունը «ճանաչում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու կարիքը»։

Առանց որոշումներ ընդունելու ոչ պաշտոնական հանդիպումները սովորաբար անցկացվում են վեց ամիսը մեկ՝ Եվրոպական խորհուրդը նախագահող երկրում, բայց ԵՄ-Հունգարիա հակասությունների, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վարքագծի պատճառով ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպումն անցկացնում է ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում, չնայած հուլիսի 1-ից Եվրոպական խորհուրդը նախագահում է Հունգարիան։

Եվրամիությունը քննադատել էր Օրբանի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարելով, որ նա ԵՄ-ի անունից բանակցելու լիազորություն չուներ։

XS
SM
MD
LG