Մատչելիության հղումներ

Տաքսիստները դժգոհում են սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ես չեմ հասցրել, չեմ էլ հասցնելու, չեմ էլ առնելու, թող հլը տեսչությունը գա ու սկսի տուգանել». - տաքսիստ Պողոս Օղլիկյանին չի վախեցնում 200 հազար դրամ տուգանքի հեռանկարը, խաղի նոր կանոններին հետևել չի պատրաստվում։

Սեպտեմբերի 1-ից բոլոր տեսակի տաքսի ծառայություններ մատուցողները՝ լինեն անհատ վարորդներ կամ օնլայն հարթակներ, պետք է հարկային դաշտ մտնեն, պետությանը հաշվետվություն ներկայացնեն ու տուրքեր վճարեն:

«Չեմ վճարելու ախպերս, չեմ վճարելու... »:

Ուժի մեջ մտնող նոր կարգավորումներով բոլոր տաքսիստները ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն ու յուրաքանչյուր պատվերի համար ֆիքսված տոկոսադրույքով տուրքեր վճարեն: Եթե պատվերը կանխիկով լինի, կգանձվի ուղևորության ընդհանուր արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1.5 տոկոսը։ 1000-դրամանոց ուղևորության պետտուրքը 15-ից 20 դրամ կկազմի։ Տոկոսներն աստիճանաբար կբարձրանան և 2026-ին կհասնեն վերջնական մակարդակի՝ն 5 ու 4 տոկոս համապատասխանաբար։

Առևտրի կենտրոնների ու տարբեր խանութների դիմաց ուղևորների սպասող տաքսիստներն ասում են՝ իրենց եկամուտներով այս պահանջներին հետևել ի վիճակի չեն.

«Ստեղի կանգնողները, կարող եք կանգնել էս մարդկանց հետ, նայեք՝ քանի ժամը մեկ մի հատ 1000 դրամ - 1500 դրամ կաշխատի թե չէ: Օրվա վերջում իրա վառելիքը կհանի, ամորտիզացիան մեքենայի կհանի, տեսնենք տակը ինչ փող ա մնում: Մի հատ էլ ՀԴՄ...»:

Հարկային տեսուչներից չվախեցողների կարելի է հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում.

«Ի՞նչ ՀԴՄ, ո՞վ ա հասկանում ՀԴՄ-ն ինչ ա, ով նստավ, փողը տալիս իջնում էթում ա, էլի, ինչ ՀԴ-ՄԴ եսիմ ինչ, ոչ մի բան չունեմ իմ անունով, ի՞նչ պիտի անեն...»:

Խաղի նոր կանոնները հաստատվել են անցած տարեվերջին. Կառավարությունից այն ժամանակ վստահեցնում էին՝ իրենց նպատակը ոչ թե գումար գանձելն է, այլ այս ծառայություններն օրինական դաշտ բերելը:

«Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ հստակ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով», - հայտարարում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նոր պահանջներին օնլայն տաքսիներն էլ պետք է հետևեն. չնայած դրանցով իրականացվող մեծաթիվ պատվերներին ու մեծ դրամաշրջանառությանը՝ պետությունը մինչև օրս անգամ չգիտի, թե քանի աշխատող է ներգրավված այս համակարգերում, որքան գումար է պտտվում և այլն։ Ծառայություններին հարկային դաշտ բերելով, ասում են, այս խնդիրը կլուծվի։

Եթե անհատ վարորդները իրենց ուժերով ու միջոցներով պետք է լուծեն պահանջներին հետևելու տեխնիկական հարցերը, օրինակ՝ հաշվապահ վարձեն, ապա օնլայն ծառայությունների դեպքում ամեն ինչ ընկերությունը կանի։ Անհատ տաքսիստները դժգոհում են, պնդում՝ կարգավորումներն է՛լ ավելի կամրացնեն օնլայն հարթակների դիրքերը՝ իրենց ստիպելով թողնել անհատական աշխատանքն ու այս համակարգեր մտնել։

Իսկ ի՞նչ կփոխվի ուղևորների համար. մասնագետների կարծիքով՝ ավելացող հարկային բեռը ոչ թե օնլայն ծառայությունների եկամուտներից է գանձնվելու, այլ, ի վերջո, մնալու է ուղևորների ուսերին՝ գները կբարձրանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG