Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը Իրանի հետ բանակցությունները կառուցողական է որակել


Սպիտակ տունը դրական և կառուցողական է որակում Իրանի և Միացյալ Նահանգների երեկվա բարձր մակարդակի բանակցությունները:

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ընդգծել է, որ նախագահ Թրամփից «հանձնարարություն է ստացել լուծել երկու երկրների միջև տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է»:

«Այս հարցերը շատ բարդ են, և հատուկ բանագնաց Ուիթքոֆի այսօրվա ուղիղ շփումը մեկ քայլ առաջ էր փոխշահավետ արդյունքի հասնելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել ապրիլի 19-ին:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը, պատասխանելով բանակցությունների մասին լրագրողների հարցերին, ասել է. «Կարծում եմ, որ դրանք նորմալ են ընթանում»:

Օմանում երեկ անուղղակի կերպով բանակցում էին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը՝ Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։

Թեհրանն ավելի վաղ հայտարարել է, որ «կառուցողական մթնոլորտում փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումներն Իրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների վերացման հարցերի շուրջ»։

XS
SM
MD
LG