Կնոջ հայրական տան վրա կրակած տղամարդը կալանավորված է։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել անչափահասի և այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի հոդվածով։ Թե ով է այդ տղամարդը, և որտեղից նրա ձեռքին զենք, իրավապահները չեն գաղտնազերծում։
Մինչդեռ մամուլի տեղեկություններով՝ նա ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի անվտանգության ծառայողն է, գնացել էր ամուսնալուծվել ցանկացող կնոջ հետևից՝ աներոջ տուն։ Ներքին գործերի նախարարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է այս տեղեկությունը։ Իսկ թե ինչո՞ւ զենք կրելու հոդվածով մեղադրանք չկա, հայտնի չէ։ Ենթադրվում է, որ տղամարդու զենքն օրինական է եղել։
Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկում է տեղի ունեցել զինված հարձակումը։
Զինված տղամարդն, ըստ մամուլի, փորձել է բացել աներոջ տան դուռը, ներսից հրաժարվել են, նա էլ կրակել է։ Վիրավորներ չկան։ «Ազատության» այցելության պահին դուռը չբացեցին, ներսից մի կին ասաց՝ ինքը երեխայի դայակն է, տանտերերը տանը չեն։ Այլ հարցերի դայակ ներկայացած կինը հրաժարվեց պատասխանել։
Բնակարանի դռան վնասված հատվածները ոստիկանության փորձագետը կնքել էր, հարկաբաժնում էլ մնացել էր ոստիկանական ժապավենը, որով մինչ այդ, թերևս, շղթայել էին հանցագործության տարածքը։
Հարևանները քչախոս էին, անգամ հրաժարվեցին ասել, թե ովքեր են տանտերերը. - «Ոնց Դուք եք լսել, այդպես էլ ես։ Մանրամասները չգիտեմ»։
Միայն հարևաններից մեկն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան 6-ից հետո, իր երկու անչափահասները տանը միայնակ էին։
Զենքի հասանելիությունը մեծացել է. Հովհաննիսյան
Իրավապահները չեն մանրամասնում՝ արդյոք ենթադրաբար ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջը ապահովել են պաշտպանությամբ։
Կանանց իրավունքների պաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է՝ կոնկրետ այս դեպքում ոստիկանությունը պետք է կա՛մ հերքի, կա՛մ էլ հաստատի, որ մեղադրյալն իրավապահների շարքերից է, կա՛մ էլ ժամանակին աշխատել է համակարգում։
«Նա գործադրել է հրազենը, և այստեղ հանցագործության վերաբերյալ հստակորեն պետք է հանդես գա ոստիկանությունը՝ նաև կանխարգելման որևէ գործառույթ հանդիսանալով նրանց համար, որոնք կարող են օգտագործել իրենց մոտի հրազենը ընտանեկան բռնության նպատակներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Իրավապաշտպանը մտահոգված է՝ շատացել է զենք կրող մարդկանց կողմից ընտանեկան բռնությունների թիվը։ Առավել մտահոգիչ է, որ իրենց օրինական զենքը փորձում են գործի դնել իրենցից բաժանվել ցանկացող կնոջ դեմ. - «Նախ՝ զենքի հասանելիությունն է մեծացել, և երկրորդը՝ ունենք նաև համակարգի աշխատողներ, դա լինի ուժային կառույցներ, ռազմական, նախկին զինվորականներ, որ զենքի գործադրմամբ կատարում են հանցագործություն և միգուցե այդ պահին չեն օգտագործում, բայց վախեցնում են, որ իրենց կանայք փորձեն կա՛մ չհրապարակել բռնության վերաբերյալ, կա՛մ հետամուտ չլինեն, կա՛մ չահազանգեն ոստիկանություն»։
Իրավապաշտպանը մեկ այլ խնդիր էլ է բարձրաձայնում՝ դատական համակարգը երկար է քննում ընտանեկան բռնության գործերը, իսկ այդ քննության ընթացքում բռնարարները մնում են ազատության մեջ, հարձակվում, ճնշումներ գործադրում նախկին կանանց վրա։