Մատչելիության հղումներ

Շոլցը, ըստ որոշ տեղեկությունների, նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ


Պուտին-Շոլց հանդիպում Մոսկվայում, 15-ը փետրվարի, 2022թ․
Պուտին-Շոլց հանդիպում Մոսկվայում, 15-ը փետրվարի, 2022թ․

Գերմանիայում տեղեկություններ են շրջանառվում, որ կանցլեր Օլաֆ Շոլցը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նշվում է, որ եթե նման զրույց կայանա, Շոլցը կդառնա Ուկրաինայի դաշնակից առաջին երկրի ղեկավարն, ով 2022 թվականից ի վեր անմիջականորեն կխոսի Պուտինի հետ։ Թեև 2022-ի օգոստոսին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էր հեռախոսազրույց ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, սեփական նախաձեռնությամբ, քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հարցը։

Շոլց-Պուտին նախատեսվող հեռախոսազրույցի մասին հաղորդել է գերմանական Die Zeit-ը՝ վկայակոչելով «կառավարության իր աղբյուրները»։ Պարբերականի տվյալներով՝ զրույցը կկայանա նոյեմբերին՝ Բրազիլիայում G20-ի հանդիպումից առաջ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Բեռլինը դեռ այդ հարցով պաշտոնապես չի դիմել Կրեմլին։

Ավելի ուշ Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով կանցլերի վարչակազմին, գրել էր, որ հնարավոր հեռախոսազրույցի կոնկրետ ծրագրեր կամ ժամկետներ չեն քննարկվել։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Ուկրաինայում հնարավոր զինադադարի շուրջ հետագա բանակցությունները տեղի կունենան միայն Պուտինի մասնակցությամբ։ Ըստ որոշ հաղորդումների՝ այս հարցի շուրջ Շոլցը խորհրդակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, երբ վերջինս սեպտեմբերին այցելել էր Գերմանիայում տեղակայված Ռամշտայն ամերիկյան ավիաբազա։

Շոլցը նշել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցները «եզակի հնարավորություն կտան Ռուսաստանի նախագահին առերեսվելու իրականության հետ»։

Կանցլերի և Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։ Կանցլերի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ երկու առաջնորդների դիրքորոշումները չեն համընկել, ուստի Գերմանիայի կառավարության ղեկավարը հեռախոսային հետագա շփումներն անիմաստ է համարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG