Շինարարական բումի մահացու կողմը

Արխիվ
Արխիվ

Ինչո՞ւ շինհրապարակներում մահվան դեպքերը կանգ չեն առնում, երբ կան անվտանգության նորմեր, պատասխանատու մասնագետներ և վերահսկող պետական մարմիններ։ Ուսումնասիրել ենք դժբախտ պատահարները, դատական գործերը, պետական մարմինների տվյալները, այցելել շինհրապարակներ և զրուցել ոլորտի պատասխանատուների հետ։

Երևանում այս պահին շուրջ 270 բնակելի շենք է կառուցվում: Օրեցօր ընդարձակվող շինհրապարակների հետևում միլիարդավոր դրամներ են, հազարավոր աշխատողներ...իսկ որքա՞ն է գնահատվում այդ շենքը կառուցող բանվորի կյանքը, եթե դժբախտ դեպք է պատահում ով և ինչպես է պատասխան տալիս ընդհատված կյանքի համար:

Բնակելի համալիրներից մեկի կառուցման ընթացքում շինհրապարակում արդեն չորս մարդ է մահացել, ևս մեկը՝ ծանր վնասվածք ստացել։ Երեք աշխատակցի կյանք խլած կռունկի վթարից անցել է ավելի քան 40 օր, սակայն քրեական գործի շրջանակում դեռ մեղադրյալ չկա։ Փորձաքննությունը պետք է պարզի՝ ինչու է կռունկի մի հատվածն ընկել, ինչ վիճակում էր տեխնիկան և ով էր պատասխանատու դրա անվտանգ շահագործման համար։ Թե երբ պատրաստ կլինեն փորձաքննության արդյունքները, դեռ հայտնի չէ։

Վերջին 3 ամսում շինհրապարակներում 10 մարդու կյանք է ընդհատվել։ 3,5 տարվա կտրվածքով այդ թիվը հասնում է 80-ի:

Մինչ իրավապահները փորձում են պարզել «Դեֆանսի» շինհրապարակում ողբերգական դեպքի հանգամանքները, օրեր անց՝ հոկտեմբերի 10-ին, Ֆուչիկի փողոցի նորակառույց շենքի շինհրապարակում 65-ամյա բանվորն էր 10-րդ հարկից ընկել վերելակի հորն ու մահացել: Սրանք տարբեր դեպքեր են, բայց բոլորի հետևում նույն հարցն է՝ արդյո՞ք հնարավոր էր կանխել դրանք։

Ո՞վ է պատասխանատու աշխատողի անվտանգության համար

Շինհրապարակում աշխատողների անվտանգության ապահովման հիմնական պարտականությունը գործատուինն է՝ անկախ նրանից՝ նա կառուցապատողն է, թե նրա նախագիծն իրականացնող կապալառուն կամ ենթակապալառուն։

Գործատուն պարտավոր է ապահովել աշխատողների անվտանգության հրահանգավորումը, տրամադրել անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ՝ սաղավարտներ, անվտանգության գոտիներ, ակնոցներ, ականջակալներ, ինչպես նաև առանձնացնել վտանգավոր հատվածները։

Կառուցապատողը, սակայն, նույնպես ամբողջությամբ չի ազատվում պատասխանատվությունից։ Բոլոր կողմերի պարտականությունն ու պատասխանատվությունը որոշվում են օրենքով, պայմանագրերով և մշակված գործառույթներով։

Այս ընթացքում շուրջ 10-ը շինհրապարակներ ենք դիտարկել, ներս մտնել տեսախցիկով արգելվում է, հատկապես, եթե ղեկավարությունը տեղյակ չէ, իսկ , եթե տեղեկացնեն՝ խնդիրները նույն պահին գուցե շտկվեին: Հատուկենտ շինհրապարակներ տեսանք, որ աշխատողները կրում էին պաշտպանիչ հագուստ և սաղավարտներ, փակցված էին պարտադիր պայմանների մասին վահանակներ: Բայց, օրինակ, հարկերի բաց հատվածները հիմնականում առանձնացված չէին նախազգուշացնող ժապավեններով։

Տեսչական մարմին․ վերահսկում է, թե՞ միայն արձանագրում

Շինհրապարակներում աշխատողների առողջության և անվտանգության պահանջների պետական վերահսկողությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնինն է:
Այն ստուգում է՝ արդյոք գործատուն ապահովել է պաշտպանիչ միջոցներ, կազմակերպել աշխատողների հրահանգավորումը, նշանակել պատասխանատու անձանց և ստեղծել անվտանգ աշխատանքային պայմաններ։ Խախտումներ հայտնաբերելիս տեսչականը կարող է միայն կարգադրագիր տալ՝ դրանք վերացնելու համար, իսկ պահանջները չկատարելու դեպքում՝ վարչական պատասխանատվության ենթարկել գործատուին՝ սրանք մեծ թվեր չեն։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ վերջին 3 տարում կառույցն ավելի քան 8000 ստուգում է արել, շուրջ 300-ը՝ շինարարական կազմակերպություններում:
Արձանագրված հիմնական խախտումներն են անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների բացակայությունը, պարտադիր բժշկական զննություն չանցնելը, աշխատողների անբավարար իրազեկվածությունը, պատասխանատու անձանց չնշանակելը և անվտանգ աշխատանքային պայմանների բացակայությունը։

Տեսչական մարմնի ղեկավարն ասում է՝ կառավարությանն առաջարկել են օրենսդրական փոփոխություններով հնարավորություն տալ վտանգավոր խախտումների դեպքում տեղում կասեցնել շինարարական աշխատանքները։

Մանրամասները՝ «Ազատության» ԹԵՄԱ հաղորդաշարում.


​
XS
SM
MD
LG