Շատ առանցքային հարցեր դուրս են բերվել խաղաղության համաձայնագրի օրակարգից, «Ազատության» հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը՝ նշելով՝ դա ավելի շուտ շրջանակային համաձայնագիր է, քան համապարփակ խաղաղության համաձայնագիր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածներից 13-ը համաձայնեցված են։
Փորձագետի կարծիքով՝ դրանք հոդվածներ են, որոնք հիմնականում հնարավորություն են տալիս վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։
«Ամռանը մենք լսեցինք, որ, օրինակ, սեղանի շուրջ ամենավիճելի հարցը՝ հարավային Հայաստանով տարանցումը, դուրս է բերվել այս համաձայնագրից։ Այսպիսով, դա կբանակցվի ապագա փուլում: Այսպիսով, ինչ-որ իմաստով սա պոտենցիալ բավականին բարակ համաձայնություն է։ Դա կրճատված պայմանագիր է։ Այսպիսով, ես կարծում եմ, որ իրական ռիսկ կա կրճատված, շատ ավելի նեղ համաձայնության պարագայում», - ասաց Բրոերսը՝ նշելով, որ կարող են տարաձայնություններ լինել այս փաստաթղթի իրականացման հետ կապված, երբ և եթե այս փաստաթուղթը ստորագրվի:
«Կարծում եմ՝ պետք չէ շատ ֆիքսվել համաձայնագրի ստորագրությունների վրա։ Կարևորը ավելի լայն միջավայրն է: Եվ, մասնավորապես, կարևոր է իրականացման ենթակառուցվածքը և ինչպիսի վեճերի լուծման մեխանիզմ կլինի այդ տարաձայնությունները լուծելու համար, որովհետեւ կողմերը անխուսափելիորեն անհամաձայնություններ կունենան այդ համաձայնագրի իրականացման հարցում։ Աղետալին կլինի այն, եթե այդ տարաձայնությունները հանգեցնեն նոր էսկալացիայի, նոր լարվածության», - ասաց փորձագետը:
Դիտարկամը, թե Փաշինյանը երկրորդ անգամ առաջարկել է Ադրբեջանին ստորագրել համաձայնեցված հոդվածները՝ շարունակելով բանակցել մնացած կետերի շուրջ, Ադրբեջանը չի ընդունել այս առաջարկը, և հարցին, թե որո՞նք կարող են լինել արդեն իսկ համաձայնեցված հոդվածները ստորագրելու Ադրբեջանի դժկամության պատճառները, Բրոերսը պատասխանեց․ - «Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է սկսել ցույց տալ օգուտները խաղաղության այս դարաշրջանի, ինչպես ինքն է այն անվանում։ Նա ինչ-որ իմաստով շտապում է։ Մինչդեռ, կարծում եմ, Ադրբեջանում հաշվարկը այլ է: Ես դա կբնութագրեի որպես նվազող եկամուտների համար բանակցություններ»:
Փորձագետը պարզաբանեց՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող գործընթացում բանակցում էր կարևոր, կենսական ազգային շահերի, տարածքային ամբողջականության, իր սահմանների, դեօկուպացիայի և այլնի շուրջ։ Եվ համեմատած այդ բանակցությունների հետ, ըստ Բրոերսի, այն, ինչ հիմա բանակցում է Ադրբեջանը, երկրորդական հարցերի մի շարք է, սրանք գուցե կարևոր, բայց երկրորդական հարցեր են, որոնք բխում են Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից և դրա հետևանքներից։
«Բոլոր կրիտիկական հարցերը վճռվել են ուժով։ Եվ այսպես, կարծում եմ, որ Ադրբեջանում զգում են, որ ժամանակ ունեն: Նրանք չեն շտապում պայմանագիր կնքել։ Եվ այո՛, այդ առումով, ես կարծում եմ, որ կա իրական տարբերություն հակամարտության երկու կողմում՝ համաձայնագրի ստորագրման հրատապության առումով», - ասաց Բրոերսը։
Փորձագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․