Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ իշխանափոխության իրենց ծրագրերն ուժի մեջ են. ՔՊ-ից արձագանքում են


«Առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է»

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ իշխանափոխության իրենց ծրագրերն ուժի մեջ են:

«Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել», - ասաց նա ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված նիստում:

2018-ի իրադարձությունները իր վարչապետության 7-րդ օրը հրաժարական տված Սերժ Սարգսյանը իշխանազավթում որակեց: Մոտ մեկ ժամանոց ելույթում կարծիք հայտնեց՝ ինքն ու իր թիմը 7 տարի առաջ պարտվել են «տարածաշրջանում իրենց հաշվարկներն ունեցող ուժերին, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում Հանրապետականի պատկերացումներին»։ Բայց թե ում մասին էր խոսում, չկոնկրետացրեց:

Ժողովուրդը լավ կարծիք նրա մասին. Ռուբինյան

2018-ին հենց հանրապետականները խորհրդարանում ապահովեցին Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, այսօր Սերժ Սարգսյանին հակադարձեց ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


«Եթե իշխանազավթում եղել է, նշանակում է՝ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը: Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը, ավելին՝ Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը, ստացվում է», - նշեց նա:

«Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն. խոստացան խաղաղություն, ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն, ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը, հանձնեցին Արցախը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Փաշինյանի թիմից հայտարարում են՝ մտահոգված չեն: Հարցին, թե հաջորդ տարվա ընտրություններում ինչո՞ւ չպետք է հաջողի ընդդիմությունը, Ռուբինյանը պատասխանեց. «Իհարկե, չի հաջողի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած՝ լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ: Էդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել՝ ամեն անգամ ընտրություն կեղծելով»:

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «կարմիր գծեր չունեցող, կապիտուլյանտ» անվանեց: Բայց նաև մտավ «ո՞վ բերեց Նիկոլին»՝ իր ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների այս օրերի բուռն բանավեճի մեջ:

«Սերժն է բերել Նիկոլին» թեզը, ըստ նրա կուսակիցների, երրորդ նախագահի գրասենյակն է տարածում:

Սերժ Սարգսյանն իր հերթին մեղադրեց՝ իր հրաժարականի պարտադրանքին թե մասնակցածները, թե անտարբերությամբ հետևողները հանցակից են այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Չթաքցրեց, որ քննադատությունն ուղղված է նաև իր երբեմնի գործընկերներին:

«Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ», - շեշտել է նա:

Ռուբեն Ռուբինյանը Սերժ Սարգսյանին պատասխանեց 2018թ. ապրիլի 13-ի նրա խոսքով. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Ձայն փախցնելու կարիք ու անհրաժեշտություն չունենք. Դանիելյան

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունից, որտեղ մեծամասնությունը Դաշնակցության ներկայացուցիչներ են, ՀՀԿ նախագահի քննադատություններին նախկին ակտիվությամբ չհակադարձեցին: Գառնիկ Դանիելյանն ինքն էլ մասնակցել է Սերժ Սարգսյանի հեռացման ակցիաներին, կարծում է՝ ժողովրդի ընդվզում էր: Իսկ թե նախկին նախագահն ի՞նչ ուժերի աջակցությունից էր խոսում, խորհուրդ տվեց նրան հարցնել, ինքը ԱԱԾ սպա չի եղել:
Ասաց՝ «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը 7 տարի է հնչում է: Չնայած բացահայտ կսմիթներին, նա այսօր էլ ՀՀԿ-ի հետ միասնական պայքարի հնարավորություն տեսնում է. «Ձայն փախցնելու կարիք ու անհրաժեշտություն չունենք»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. Սարգսյանը

Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց նաև հնարավոր իշխանափոխությունից հետո լուծման կարոտ մի քանի հարցից, այդ թվում՝ Արցախյան խնդրի միջազգայնացման նոր ռազմավարության անհրաժեշտությունից, արցախցիների վերադարձի միջազգային օրակարգով: Կրկնեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. «Իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի»։

«Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մեղքի բաժինը մեծ է Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում, այդ թվում՝ այն պատճառով, որ Ղարաբաում իրականացրին իշխանափոխություն». Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությունն հայաթափման մեղքի սլաքը նախկիններին է ուղղում:

«Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մե՞նք ենք ստորագրել, թե՞ իրենց պրոտեժեները», - արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG