Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների (СПЧ) խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը դիմել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ բողոքելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացիների հանդեպ ցուցաբերված «խտրական վերաբերմունքից»։
Հաղորդվում է, որ խորհուրդը Ռուսաստանի քաղաքացիներից դիմումներ է ստացել, որտեղ նրանք բողոքում են, թե FlyOne ավիաընկերության ներկայացուցիչների և օդանավակայանի աշխատակիցների կողմից խախտվել են իրենց իրավունքները։
«Ծանոթանալով բաց աղբյուրների հրապարակումներին, մենք եզրահանգման եկանք, որ նկարագրված իրավիճակները ցավոք եզակի դեպքեր չեն։ Խնդրում ենք Ձեզ Հայաստանի իշխանությունների իրավասու մարմիներին փոխանցել վերոհիշյալ տեղեկատվությունը, ինչպես նաև մեր դիրքորոշումը Ռուսաստանի քաղաքացիների հետ նման միջադեպերի անթույլատրելիության մասին», - նշված է Հայաստանի դեսպանին ուղարկված նամակում:
Ֆադեևի գլխավորած խորհուրդը մի քանի դեպք է նկարագրում՝ կապված այլ երկրներից Երևանով Մոսկվա մեկնող ուղևորների հետ։ Մասնավորապես, ինչպես նրանք ասում են, Գերմանիայի հյուրախաղերից վերադարձող օպերային երգչուհի Սվետլանա Կասյանին ու նրա փոքր աղջկան Երևանից Մոսկվա մեկնող օդանավում տեղ չեն տվել՝ առաջարկելով կանգնած թռչել։
Իսկ հունիսի 3-ին Հռոմ-Երևան-Մոսկվա երթուղու ուղևորները Հռոմում չվերթի հետաձգման պատճառով չեն հասել Երևանից Մոսկվա օդանավին։ «Սակայն նրանց խնդիրները լուծելու փոխարեն օդանավակայանի ներկայացուցիչները նրանց պահել են առանց պատճառների մասին բացատրության և նստեցրել ոստիկանության բաժնում։ Ուղևորները հաղորդում են օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ազգային պատկանելիության համար բազմաթիվ վիրավորանքների մասին», - Հայաստանի դեսպանին գրել է ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի ղեկավարը։
Օգոստոսի 1-ից, ինչպես ավելի վաղ հայտնել են Հայաստանի իշխանությունները, ռուս սահմանապահները դուրս են գալու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Սահմանային հսկողությունն իրականացելու է ՀՀ Սահմանապահ ծառայությունը։