Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, որպես փոխհատուցում, պետք է 486 միլիարդ դոլար վճարի Ուկրաինային․ G7


G7-ի գագաթնաժողովն Իտալիայում, 13-ը հունիսի, 2024թ․
G7-ի գագաթնաժողովն Իտալիայում, 13-ը հունիսի, 2024թ․

Ռուսաստանը, որպես վնասի փոխհատուցում, պետք է 486 միլիարդ դոլար վճարի Ուկրաինային, հայտարարել են «Մեծ յոթնյակ»-ի երկրները երեկ Իտալիայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում։

Գումարի չափի համար երկրները հիմք են ընդունել Համաշխարհային բանկի փետրվար ամսվա հաշվարկները։

Երկրները համաձայնության են եկել նաև ռուսական ակտիվները սառեցրած թողնելու շուրջ, քանի Մոսկվան չի դադարեցրել ագրեսիան Ուկրաինայի դեմ և չի վճարել պատճառված վնասի համար։

«Մենք նաև շարունակում ենք խստորեն դատապարտել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումները», - ասվում է կոմյունիկեում։

G7-ի երկրները միևնուն ժամանակ դատապարտել են Ռուսաստանի «անպատասխանատու և սպառնալից միջուկային հռետորաբանությունը»:

G7-ի անդամ են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան։

Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել էին, որ համաձայնության են եկել վարկի տեսքով Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու շուրջ։

Արևմուտքում կենտրոնացված ռուսական բոլոր ակտիվների մոտ 70 տոկոսը պահվում է Բելգիայի Euroclear արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում: Խոսքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի և 190 միլիարդ եվրոյի (204,67 միլիարդ դոլար) համարժեք գումարի մասին է։ ԱՄՆ-ում պահվում է մոտ 5-6 միլիարդ դոլարը։ Ակնկալվում է, որ այս բոլոր սառեցված միջոցները տարեկան երեքից հինգ միլիարդ դոլար եկամուտ կբերեն։

Այս ծրագրին դեմ էին արտահայտվել Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ճապոնիան։ Վաշինգտոնը, սակայն, պնդել է, որ այն ներառվի Իտալիայի G7-ի համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստացել է պատասխան միջոցներ կիրառել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործման համար։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, արտգործնախարարությունը չի պարզաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG