Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կորցնում է «իր տունը» Բաքվում


Ադրբեջան - Բաքվում «Ռուսական տունը», արխիվ
Ադրբեջան - Բաքվում «Ռուսական տունը», արխիվ

Մինչև վերջերս կուռ դաշնակցային կապեր ունեցող գործընկերների հարաբերությունները ժամ առ ժամ են սրվում։

Ռուսաստանը կորցնում է Բաքվում «Ռուսական տունը»․ մշակութային կենտրոնը, որին Ադրբեջանում լրտեսության մեջ են մեղադրել, ապա բյուրոկրատական պատրվակներով արգելել դրա գործունեությունը, ապամոնտաժվում է, կառույցը հայտարարեց գործունեությունը դադարեցնելու մասին՝ պաշտոնական Բաքվի պահանջին համահունչ։

Մինչ այդ, Կրեմլում հույս ունեին խնդիրը կարգավորել նախագահների մակարդակով։ Դմիտրի Պեսկովն, ընդ որում, հատուկ ընդգծել էր՝ նախագահ Պուտինը մտադիր չէ ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հարցով հայտարարությամբ հանդես գալ, բայց «Ռուսաստանի տան» գործունեությունն արգելելու որոշումը մտադիր է քննարկել ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Մինչ պաշտոնական Մոսկվան կտրականապես հրաժարվում է տեղի տալ 38 մարդու կյանք խլած օդանավի կործանման հարցով Բաքվի պահանջներին, մինչև վերջերս կուռ դաշնակցային կապեր ունեցող գործընկերների հարաբերությունները ժամ առ ժամ են սրվում։

Փոխադարձ մեղադրանքների ֆոնին երեկ Ադրբեջանի իշխանությունն անցանկալի անձ հայտարարեց նախագահ Պուտինի կուսակցին՝ պատգամավոր Նիկոլայ Վալուևին, արգելելով նրա մուտքը երկիր: Կտրուկ որոշման պատճառը ռուս իշխանական պատգամավորի առաջարկն է՝ «փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել»։

Ադրբեջանական հայտնի սև ցուցակն այս անգամ էլ ռուս գործիչներով համալրելուն զուգահեռ, երեկ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներ մի խումբ ազդեցիկ հայրենակիցների թիրախավորեցին․ 5-րդ շարասյուն, ռուսների շահերին ծառայողներ հռչակվեցին անփոփոխ իշխանություն ունեցող Ադրբեջանի հատուկենտ նախկինները՝ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևը, մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաևը, երիտասարդության և սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը և Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը: Ըստ հրապարակումների՝ նրանք իբր ցուցումներ են ստացել ռուսական հետախուզության կողմից, որը գործակալական ցանցի միջոցով փորձել է ազդել Ադրբեջանում հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Լուրը լայնորեն տարածվեց ադրբեջանական լրատվամիջոցներում, պաշտոնաթող Մամեդյարովն ու Մեհտիևը մեղադրանքներն անհիմն և կեղծ են որակում։

Մինչ օդանավի կործանումը թվում էր՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ամուր էին, քան երբևէ։ Ռազմավարական գործընկերները հպարտանում էին երկկողմ կապերով, հպարտությամբ խոսում առևտրային համագործակցության պտուղներից, որի ծավալները հասնում են 5 միլիարդ դոլարի. Ռուսաստանն Ադրբեջանի երրորդ առևտրային գործընկերն է՝ զիջելով միայն Իտալիային և Թուրքիային։ Մոսկվան ու Բաքուն ընդհուպ անվտանգության ոլորտում համագործակցությունն էին սերտացրել անցած հոկտեմբերին՝ իբր տարածաշրջանում արևմտյան ազդեցությանը դիմակայելու նպատակով:

Սակայն օդանավի վթարը սրընթաց արագությամբ փչացնում է ռուս-ադրբեջանական բարեկամական կապերը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը բաց հարցերն է հիշեցնում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը հապաղում ներողություն խնդրել սխալմամբ օդանավ խոցելու համար, ինչո՞ւ ռազմավարական համագործակցության տառին և ոգուն համապատասխան հարաբերությունները չեն ներառում ցավակցություն, կարեկցանք և ներողություն ողբերգական աղետի համար, ո՞րն է Մոսկվայի կողմից լարվածությունը սրելու իրական պատճառը։

Բաքվից արխիվային մեղադրանքներն են գործի դնում

Եվ քանի դեռ բաց հարցերի պատասխանները Մոսկվայից չեն հնչել՝ Բաքվից արխիվային մեղադրանքներն են գործի դնում․
պետական AzTV-ն Ռուսաստանին մեղադրեց «1990 թվականին Բաքվի բնակչության դեմ տանկեր հանելու» մեջ, Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում հայերին օգնելու, իսկ Երկրորդ պատերազմում՝ հայերին զինելու համար, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն էլ որակեց «դավաճանական առաքելություն»:

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ավելի հեռուն գնաց։ Ռուս-ադրբեջանական լարվածության թեմայով առաջատար մեկնաբանը խորհուրդ տվեց ադրբեջանցիներին մեկ աչքով չնայել․ - «Ռուսաստանում որոշ մարդիկ ասում են՝ Ռուսաստանն է թույլ տվել Ադրբեջանին վերականգնել տարածքային ամբողջականությունը և հաղթել 44-օրյա պատերազմում։ Մենք, ինչ է, հացը ականջներո՞վ ենք ուտում։ Մենք, ինչ է, չգիտե՞նք, որ այս պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի զենք է տեղակայել։ Մենք, ինչ է, չգիտե՞նք, թե ում հրթիռներն են արձակվել Հայաստանի տարածքից և ում թույլտվությամբ են հարվածներ հասցվել Գյանջայի, Մինգեչաուրի, Եվլախի տարածքներին և նույնիսկ Բաքվին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG