Ռուսաստանը վաղ առավոտյան հրթիռային լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի վրա: Ավիացիայի և բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիքի պատճառով օդային տագնապ է հայտարարվել ողջ երկրում։
Հարձակման թիրախում են եղել Սումին, Պոլտավան, Լուգանսկը, Դնեպրոպետրովսկը և մի շարք այլ շրջաններ: Կիևում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով երեք տուն է վնասվել, Սումիի շրջանի Շոստկա քաղաքում վնասվել է տասներկու բարձրահարկ շենք և ենթակառուցվածքներ: Տուժածների մասին չի հաղորդվում:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է Սմոլենսկի մարզի Յարցևո շրջանում գտնվող նավթապահեստին, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ Սև ծովում ռուսական երկու ուղղաթիռ է խոցել: Պայթյուններ են որոտացել Սևաստոպոլի շրջանում, որտեղ դադարեցվել են ծովային ուղևորափոխադրումները։
Ուկրաինական անօդաչուները հարվածներ են հասցրել նաև ռուսական Տուապսեի, Կրասնոդարի և Նովոռոսիյսկի շրջաններում: Ռոսավիացիան հայտնել է, որ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է Կազանի օդանավակայանի աշխատանքը:
Փոխադարձ այս հարվածներից ժամեր առաջ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ Ուկրաինային ընդհանուր 5.9 մլրդ դոլարի հավելյալ օգնություն կտրամադրի: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե օգնությունն ստացվում է շատ կարևոր պահի և կնպաստի Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանը ռազմաճակատի գծի երկայնքով:
«Մեր գործընկերների կողմից համերաշխության յուրաքանչյուր գործողություն կյանքեր է փրկում, ամրապնդում է մեր անկախությունը, ուժեղացնում մեր դիմակայունությունը: Այն նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարություններն ուժեղ են ինքնակալ ագրեսորներից», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Պատերազմի մոտ երեք տարվա ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդհանուր 175 մլրդ դոլարի օգնություն է հաստատել Ուկրաինայի համար:
Գերիների հերթական փոխանակումը
Այսօրվա հարձակումներից մեկ օր առաջ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն էին իրականացնել, որի շրջանակում յուրաքանչյուր կողմը վերադարձրել է 150 ռազմագերի, թեև Ուկրաինայի նախագահն ավելի ուշ X-ի իր էջում գրեց, որ ռուսական կողմը վերադարձրել է Ուկրաինայի 189 քաղաքացու:
«Նրանք զինվորականներ են, որոնք պաշտպանել են «Ազովստալ»-ն ու Մարիուպոլը, Չեռնոբիլի ԱԷԿ-ը, Զմեինի կղզին, և մեր զինծառայողներն են առաջնագծի տարբեր ուղղություններից, և երկու խաղաղ բնակիչ, որոնց ռուսները գերեվարել էին Մարիուպոլում։ 189 ուկրաինացի վերադարձել է հայրենիք,189 ընտանիք կրկին երջանիկ է: Ես երախտապարտ եմ մեր գործընկերներին, որոնք օգնում են մեզ այս կարևոր գործում», - գրել է Զելենսկին։
Փոխանակման շուրջ բանակցությունները տեղի էին ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Կիևն ու Մոսկվան ռազմագերիների փոխանակում իրականացնում են պարբերաբար։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր արդեն 59 նման փոխանակում է տեղի է ունեցել։
Կրակը դադարեցնելու հարցում առաջընթաց չկա
Վերջին շաբաթներին ռուսական ուժերը թեև փոքր, բայց կայուն ձեռքբերումներ են ունեցել մարտի դաշտում, մասնավորապես Խարկովի շրջանի հյուսիսարևելյան և Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում, գրավել մի քանի բնակավայրեր:
Մինչդեռ կրակը դադարեցնելու հարցում առաջընթաց, կարծես թե, չկա: Օրերս Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Մոսկվան դեմ է Կիևի հետ ժամանակավոր հրադադարի գաղափարին և ցանկանում է Ուկրաինայի հետ տևական խաղաղության համար իրավական ուժ ունեցող համաձայնություն ձեռք բերել, որը կերաշխավորի թե՛ Ռուսաստանի, թե՛ նրա հարևանների անվտանգությունը:
Սերգեյ Լավրովը նաև ասել էր, թե Մոսկվան ցանկանում է, որ իրավական փաստաթղթերն այնպես ձևակերպվեն, որպեսզի ապահովեն «այդ պայմանավորվածությունների խախտման անհնարինությունը»։
Զելենսկին, սակայն, պնդում է, որ Ռուսաստանի հետ հրադադարը կարող է հնարավոր լինել, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ մինչ այդ Ուկրաինան պատրաստ է քննարկել արևմտյան որևէ երկրի զորքերի հնարավոր տեղակայման հարցը, որոնք կերաշխավորեն երկրի անվտանգությունը Ռուսաստանի հետ ընթացող պատերազմի պայմաններում։ Ըստ նրա՝ այդ զորքերը կարող են Ուկրաինայում մնալ այնքան, մինչև այն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: