Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները մեղադրանքներ են փոխանակում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը վախենում է խաղաղության շուրջ բանակցություններ վարելուց և անում է հնարավոր ամեն բան պատերազմը երկարաձգելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ արձագանքելով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե չի պատրաստվում բանակցել Վլադիմիր Զելենսկիի հետ՝ նրան համարելով ոչ լեգիտիմ:

Զելենսկին նշել է, որ 2014 թվականին Ռուսաստանը հիբրիդային պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որը 2022-ին վերածեց լայնամասշտաբ ներխուժման: Ըստ նրա՝ այժմ իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, սակայն Պուտինն անում է ամեն ինչ, որպեսզի կա՛մ շարունակի մասշտաբային սպանությունները, կա՛մ ապահովի հրադադար, որպեսզի շարունակի հիբրիդային հարձակումները և պատրաստվի նոր լայնածավալ ներխուժման:

«Պուտինն այսօր ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և անում է հնարավոր ամեն բան պատերազմը երկարացնելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և նրա բոլոր ցինիկ հնարքները միտված են պատերազմն անվերջ դարձնելուն», -X-ում գրել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նշել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է հաշվի առնեն նախորդ տարիների սխալները: Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծած Պուտինը, ըստ նրա, ունի գլոբալ կայունությունը խաթարելու զգալի հնարավորություններ, բայց չափազանց թույլ է և չի կարող դիմանալ ուժեղ առաջնորդների իրական ճնշմանը. - «Ահա թե ինչու մենք պետք է գործենք վճռական և միասնաբար՝ բոլոր նրանք, ովքեր քաջություն ունեն հավատալու խաղաղությանը և ուժի միջոցով է՛լ ավելի մոտեցնելու այն: Իսկական խաղաղությունը հնարավոր է, եթե Ռուսաստանին պարտադրվի դա»:

Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեին 2024-ի ապրիլին, սակայն ռազմական դրության պատճառով դրանք հետաձգվել են: Ռուսաստանի նախագահը երեկ «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հենց այդ պատճառով էլ Ուկրաինայի նախագահը լեգիտիմ չէ և չի կարող բանակցել: Նա հասկացրել է, որ Ուկրաինայում իշխանության լեգիտիմ մարմին է համարում միայն Գերագույն Ռադային։

«Բանակցել կարելի է ցանկացած մեկի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե նա ցանկանում է մասնակցել բանակցությունների, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները: Խնդրեմ», - ասել է Պուտինը:

Նա նշել է, որ եթե կա բանակցելու և փոխզիջումային լուծում գտնելու ցանկություն, ուկրաինական կողմից բանակցել կարող է ով ցանկանա: Ռուսաստանը կձգտի ստանալ այն, ինչ բխում է իր շահերից: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Մոսկվան ստիպված կլինի փորձագետներից հաստատում ստանալ այն մարդկանց լեգիտիմության մասին, որոնց Կիևը կհանձնարարի ստորագրել այդ փաստաթուղթը:

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Մոսկվան ժամանակին Կիևին առաջարկել է դուրս բերել զորքերը Լուգանսկից և Դոնեցկից, և եթե Կիևն այդ ժամանակ համաձայներ, ապա պատերազմ չէր լինի: Սակայն Կիևը չի համաձայնել, քանզի Արևմուտքը, ըստ նրա, Կիևին համոզել է շարունակել պատերազմը:

«Բանակցությունները, ըստ էության, մեկնարկել են հատուկ ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո: Սկզբում մենք Ուկրաինայի այն ժամանակվա ղեկավարությանն ասացինք. Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում մարդիկ չեն ցանկանում լինել Ուկրաինայի կազմում: Դո՛ւրս եկեք այնտեղից և վերջ, դրանով ամեն բան կվերջանա: Ոչ մի ռազմական գործողություն, ոչ մի պատերազմ չի լինի», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսական և ուկրաինական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց

Մինչ երկու երկրների ղեկավարները մեղադրանքներ են փոխանակվում, ռուսական և ուկրաինական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց: Ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով և հրթիռներով հարվածել է Ուկրաինայի տարբեր շրջանների։ Նիկոլաևում հարվածների հետևանքով երկու կին է զոհվել: Կիևում առավոտյան պայթյուններ են որոտացել, տուժածներ չկան։

Ռուսական կողմն, իր հերթին, տեղեկացնում է, որ գիշերն ուկրաինական անօդաչուները գրոհել են ռուսական ինը շրջան: Բելգորոդում բազմաբնակարան շենքին անօդաչուի հարվածից մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել, հարձակումներ են եղել նաև Սմոլենսկի և Տվերի մարզերում։ Կազանի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններն անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները:

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Իսրայելն իր զինված ուժերի սպառազինությունից հանել է ամերիկյան հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը, և Միացյալ Նահանգներն Իսրայելից Լեհաստան է տեղափոխել շուրջ 90 Patriot հրթիռներ, որոնք նախատեսում է տրամադրել Ուկրաինային: Իսրայելը Patriot-ներից հրաժարվել էր դեռ անցած տարվա ապրիլին, սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկար ժամանակ չէր հաստատում դրանց փոխանցումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG