Ռումինիայի արևելքում 5 մարդ է մահացել տեղատարափ անձրևների հետևանքով, շաբաթ օրը հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նրանց մարմինները փրկարարները հայտնաբերել են տարբեր բնակավայրերում։ Փրկարարները ուղղաթիռներ, փչովի նավակներ են օգտագործում վտանգավոր վայրերից մարդկանց տարհանելու համար։
Ռումինայի արևելյան շրջաններում 19 բնակավայր է տուժել ջրհեղեղներից։ Ուժեղ քամին ծառեր է տապալել ճանապարհների վրա։ Կան փակված ճանապարհներ, ջրով լցած նկուղներ, շենք-շինությունների առաջին հարկեր։ Իշխանությունները բնակիչներին տեքստային հաղորդագրություններով զգուշացրել էին եղանակային վատ պայմանների մասին։
Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների՝ Չեխիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի տարածքներում փոթորկոտ եղանակներ են և անձրևներ։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան կառավարության հակաճգնաժամային հանձնաժողովի նիստից հետո ասել է, թե «պետք է պատրաստ լինենք վատթարագույն սցենարների»։