Ամերիկահայերը հույս ունեն, որ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մարկո Ռուբիոն ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարելու ընթացքում քայլեր կձեռնարկի արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքն ապահովելու, Արցախի հայաթափումը որպես էթնիկ զտում ճանաչելու և ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։ Այս մասին Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ հայկական կազմակերպություններից մեկի՝ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկին հայտարարեց օրերս՝ կառույցի անունից Կապիտոլիում ուղարկված նամակում։
Մարկո Ռուբիոյի թեկնածության շուրջ Սենատում կայացած լսումներից առաջ Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն էր հայտնել ապագա պետքարտուղարին՝ հույս հայտնելով, որ այս նշանակումը «Միացյալ Նահանգների համար իր արտաքին քաղաքականությունը արդարության և հաշվետվողականության գաղափարներին համապատասխանեցնելու շրջադարձային հնարավորություն կստեղծի»։
Ռուբիոյի թեկնածության շուրջ լսումները Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացան նախօրեին։Դոնալդ Թրամփի կողմից պետաքարտուղարի պաշտոնում առաջադրված ֆլորիդացի սենատորի առանցքային հայտարարությունները վերաբերում էին ռուս - ուկրաինական պատերազմին։
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը հետևյալը պետք է լինի՝ պատերազմը հարկավոր է դադարեցնել։ Կասկած չկա, որ այն, ինչ արել է Վլադիմիր Պուտինը, անընդունելի է։ Բայց պատերազմը պետք է ավարտվի։ Դա իհարկե շատ ծանր դիվանագիտական աշխատանք կպահանջի մեզանից», - հայտարարում էր Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն երեկ ուրվագծեց այն ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն կտա վերջ տալ գրեթե երեք տարի շարունակվող ռուս - ուկրաինական պատերազմին։
«Ես հույս ունեմ, որ դա կարող է մեկնարկել կրակի դադարեցմամբ։ Այդ նպատակին հասնելու համար բոլոր կողմերը պետք է իրատեսական դիրքերից հանդես գան։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է զիջումներ կատարի։ Բայց ուկրաինական կողմը ևս զիջումների պետք է գնա», - պնդում է Ռուբիոն։
Պետքարտուղարի թեկնածուի համոզմամբ՝ այն իրավիճակը, որ ստեղծվել է այժմ ռուս - ուկրաինական ռազմաճակատում, այլ կերպ քան պատային հնարավոր չէ նկարագրել։ «Կողմերից որևէ մեկը վճռական հաջողության հասնելու հնարավորություն չունի», - համոզված է Ռուբիոն։
«Իրականությունն այն է, որ այս հակամարտության ընթացքում Ռուսաստանը որևէ պարագայում չի կարող գրավել ամբողջ Ուկրաինաին։ Ուկրաինացիները չափազանց համարձակ են,շատ համառ կերպով են մարտնչում, երկիրն էլ չափազանց մեծ է։ Իրատեսական չէ նաև կարծել, թե Ուկրաինան կարող է հետ մղել ռուսներին նախապատերազմական դիրքերին։ Սա է վկայում իրադարձությունների դինամիկան», - նշում է ամերիկյան դիվանագիտության ապագա ղեկավարը։
Սենատում կայացած լսումների ընթացքում Ռուբիոն անդրադաձավ նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեությանն ու Վաշինգտոնի դերակատարությանը ՆԱՏՕ-ում։ Ռուբիոն կրկնում էր Թրամփի այն պնդումը, որ կազմակերպության բոլոր անդամները պետք է կատարեն իրենց գլխավոր պարտավորություններից մեկը՝ ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը հատկացնելով պաշտպանական ծախսերին։
«ՆԱՏՕ-ն շատ կարևոր դաշինք է։ Միացյալ Նահանգների համար, սակայն, կարևորը ոչ թե պարզապես դաշնակիցներ, այլ աշխատունակ դաշնակիցներ ունենալն է», - դիմելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին հայտարարում էր Մարկո Ռուբիոն։