17։00
Գործընթացն առանց նախապայմանների շարունակելու մասին հաղորդում է նաև պաշտոնական Անկարան։ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել նույնաբովանդակ հայտարարությամբ։
15։07
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն այսօր պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ Մարգարա-Ալիջան անցման կետում այսօր տեղի ունեցած բանակցություններից որոշ մանրամասներ ներկայացնելով։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
13։15
Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը բանակցում են հայ-թուրքական սահմանին։
12։31
«Ազատություն»-ը նկատել է Ռուբեն Ռուբինյանին՝ անցակետի տարածքում շրջելիս։
12։06
Մարգարայի անցակետի տարածքում թուրքական կողմից ևս մեքենա է նկատվում՝ փարոսիկները միացված։
Դարպասների հետևում այժմ բեռնատար մեքենա է կայանված, անցակետի տարածքը տեսանելի չէ։
Այստեղ ոստիկաններ կան, նրանք հորդորում են չմոտենալ անցակետին։
10։30
Հայաստանի պատվիրակների ավտոմեքենաներն արդեն Մարգարայի նոր վերանորոգված անցակետում են, որտեղ այսօր նախատեսված է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը։
Սահմանապահներն «Ազատության»-ը չթույլատրեցին դարպասներից ներս մտնել, սակայն, նշեցին, որ իրենց տեղեկություններով, հանդիպումը կմեկնարկի մոտավորապես ժամը 11-ին։
9։20
Երկու տարվա դադարից հետո այսօր հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը կհանդիպեն Հայաստան-Թուրքիա սահմանին։
Սա թվով 5-րդ հանդիպումն է։ Այլ մանրամասներ կողմերը չեն հայտնում։
2022-ի հուլիսին Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Պայմանավորվածությունից երկու տարի անց՝ այս հունիսին Ռուբինյանը հայտարարել էր՝ Անկարայի քայլերը չի տեսնում:
«Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք ու ավարտել ենք, անցակետը պատրաստ է գործունեության համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականան», - ասել էր Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։
2023-ի նոյեմբերին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալիքով, հայկական կողմն ավարտեց Մարգարայի անցակետի վերանորոգումը, որի համար Երևանը 1 մլրդ դրամ ծախսեց։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելեց անցակետ՝ տեղում ստուգելու ենթակառուցվածքները։ Թուրքական կողմը չի հայտնել՝ արդյոք պատրա՞ստ է սահմանային իր անցակետը։