Ռուսական զորքերը չորեքշաբթի գիշերը զանգվածային հարձակում են ձեռնարկել Կիևի ուղղությամբ, հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։
Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ հարավային կողմից կիրառվել են նաև թևավոր հրթիռներ։ Նույն ուղղությունից հրթիռներին զուգահեռ հարվածային ԱԹՍ-ներ են շարժվել դեպի Կիև։
Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են բոլոր օդային թիրախները։ Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Պոպկոն հավելել է, որ հրթիռների ճշգրիտ քանակի և տեսակի մասին կհայտնի Ուկրաինայի զինված ուժերն՝ իր զեկույցում։
Ուկրաինայի ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանել է, որ հրթիռների և անօդաչու սարքերի համատեղ հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է տուժել, իսկ խոցված հրթիռի բեկորներից ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հունիսի 12-ի գիշերը Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, Կիևում այն տևել է մոտ երկու ժամ։
Ռուսական կողմը չի մեկնաբանել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումը։