«Ռոսֆինմոնիտորինգ»-ը ռուսաստանցի 14-ամյա երկու դեռահասի (Թիմուր Կորչեմկին, Թիմուր Աբդուլին) ներառել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» գրանցամատյանում։
Նրանք երկուսն էլ ծնվել են 2010 թվականին։ Մեկի ծննդավայրն Օդեսան է, մյուսինը՝ Կիրովը։ Գրանցամատյանում երկու դեռահասների ազգանվան կողքին աստղանշան կա, սա նշանակում է, որ նրանց դեմ ահաբեկչության հոդվածով քրգործ է հարուցված, գրում է "Медиазона"-ն։
Դեռահասներին բերման ենթարկելու մասին պաշտոնական տեղեկություններ չկան։
Կորչեմկինը և Աբդուլինn «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում ընդգրկված Ռուսաստանի ամենաերիտասարդ քաղաքացիներն են։
"Медиазона"-ի լրագրողները կապ են հաստատել երկու տղաների ծնողների հետ։ Կորչեմկինի մայրը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Աբդուլինի հայրը որդու դեմ հարուցված գործը «կատարյալ անհեթեթություն» է որակել՝ հաստատելով նրա ձերբակալման մասին տեղեկությունը։ Նա նաև ասել է, որ որդուն մեղադրանք դեռ չի առաջադրվել։
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանում ահաբեկչության հոդվածներով հարուցված քրեական գործերի թիվը կտրուկ աճել է։ Խոսքը շատ դեպքերում ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների հրկիզման կամ հրկիզման փորձի, դիվերսիաների, ինչպես նաև Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին է։ Քննիչները պնդում են, որ դեռահասներին նման գործողությունների դրդում են հիմնականում համացանցի միջոցով՝ գումար խոստանալով։ Ավելի քան 30 գործով արդեն դատավճիռներ կան։ Ամենածանր՝ 19 տարվա ազատազրկման են դատապարտվել երկու հակապատերազմական ակտիվիստներ՝ Չելյաբինսկի քաղաքային վարչակազմի շենքը հրկիզելու համար։