«Չեմ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է», - «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային ճգնաժամային խմբի Ռուսաստանի առաջատար փորձագետ Օլեգ Իգնատովը, պատասխանելով հարցին՝ Ռուսաստանը Հայաստանի թշնամի՞ն է, բարեկա՞մը, թե՞ մրցակիցը՝ հաշվի առնելով, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և բռնի տեղահանեց հայերին իրենց պապենական հայրենիքից, և դա տեղի ունեցավ Ռուսաստանի թույլտվությամբ։
«Տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 2020 և 2023 թվականներին, ու ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մարդիկ կհասկանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ, և ով է մեղավոր և ում վրա է դրված պատասխանատվությունը», - ասաց փորձագետը՝ շեշտելով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմական կապերը հսկայական են ու երկարատև։
Իգնատովը նախ թվարկեց՝ հսկայական հայկական սփյուռք շարունակում է ապրել Ռուսաստանում, հսկայական թվով մարդիկ երկքաղաքացիություն ունեն, ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո բազմաթիվ ռուսներ են եկել Հայաստան, այսինքն, ինչպես փորձագետը բնորոշեց, Հայաստանում կա ռուսական սփյուռք, իսկ պատերազմից հետո դրա թիվը նույնպես ավելացել է, ապա շեշտեց՝ սա ցույց է տալիս, թե որքան խորն են երկրների միջև կապերը, որ նույնիսկ Ղարաբաղի հետ ողբերգական պատմությունը չհանգեցրեց նրան, որ այդ կապերը հիմնովին խաթարվեն։
Իգնատովի համոզմամբ, Ռուսաստանը օբյեկտիվորեն մնում է Հայաստանի և՛ գործընկեր, և՛ նույնիսկ դաշնակից։
«Ամեն դեպքում, Հայաստանը պետք է ապրի Ռուսաստանի հետ, պետք է
հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ, ինչպես Ռուսաստանը պետք է հարաբերություններ կառուցի Հայաստանի հետ։ Ոչ ոք չի չեղարկել աշխարհագրության գործոնը», - հայտարարեց փորձագետը՝ շարունակելով․ - «Ռուս զինվորականները շարունակում են մնալ Հայաստանում։ Եվ նրանց ներկայությունը նաև անվտանգության գործոն է Հայաստանի համար։ Ճիշտ այնպես, ինչպես այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է գնել ռուսական զենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի զենքի հիմնական մատակարարը։ Այս գործոնը նույնպես չի վերանա։ Հետևաբար, ամեն դեպքում, քանի դեռ Հայաստանը մնում է այս բարդ միջավայրում և քանի դեռ Հայաստանի հարաբերություններն իր աշխարհագրական հարևանների հետ մնում են կա՛մ անորոշության մեջ, կա՛մ ոչ ամբողջովին պարզ, կա՛մ առանց հուսալի երաշխիքների, քանի դեռ Հայաստանը սպառնալիքներ է տեսնում իր հարևանների կողմից, Ռուսաստանը կմնա Հայաստանի բնական գործընկերը։ Որովհետև Ռուսաստանը մոտ է, որովհետև Ռուսաստանը հիմնական տնտեսական գործընկերն է, որովհետև Ռուսաստանը դեռևս հիմնական գործընկերն է անվտանգության ոլորտում։ Եվ այս իրավիճակը օբյեկտիվ է, անկախ նրանից, թե ինչպես են երկու երկրները վերաբերվում միմյանց»։
Իգնատովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․