Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նավահանգստում լաստանավի վրա հարձակման հետևանքով կա մեկ զոհ. մարզպետ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի հարավում գտնվող Կրասնոդարի «Կովկաս» նավահանգստի լաստանավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, հայտնել է երկրամասի մարզպետը։

Վենիամին Կոնդրատիևը Telegram-ում գրել է, որ կան նաև վիրավորներ։

Ուկրաինան, որի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային մշտական հարձակումների հետևանքով, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի և լուրջ վնասների, վերջին ամիսներին սկսել է ավելի ու ավելի թիրախավորել ռուսական արդյունաբերական օբյեկտները և տրանսպորտային ենթակառուցվածքները:

Բռնակցված Ղրիմում Կրեմլի կողմից նշանակված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն էլ ասել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել 15 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Կերչի նեղուցով անցնող կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Կիևը չի մեկնաբանել սա։ Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ի վաղ առավոտյան իր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի մի քանի շրջանների վրա խոցել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարքեր։

Մինչդեռ Ուկրաինան հայտնել է, որ ռուսական զինված ուժերը գիշերը հարվածել են Սումիի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող կարևոր ենթակառուցվածքի օբյեկտին՝ առանց մանրամասների: Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ռուսական ութ անօդաչու թռչող սարքերից յոթը, որոնք գրոհել են Սումին, ինչպես նաև չեզոքացրել են Kh-69 կառավարվող թևավոր հրթիռը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG