Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մի շարք շրջանների պաշտոնյաներ հայտնել են ԱԹՍ հարձակումների մասին


Կազանի օդանավակայանը, արխիվ
Կազանի օդանավակայանը, արխիվ

Ռուսաստանի մի շարք շրջանների պաշտոնյաներ հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոշոր հարվածների մասին՝ ուղղված էներգետիկ ենթակառուցվածքներին, ներառյալ միջուկային էլեկտրակայանին:

Ռուսաստանի Սմոլենսկի, Նիժնի Նովգորոդի, Տվերի և Բրյանսկի շրջանների պաշտոնյաները հայտնել են, որ հունվարի 28-29-ը իրենց տարածքները խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերով, Կազանի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ անվտանգության նկատառումներով:

Հարձակումների մասին հաղորդագրությունները հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրների կողմից։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգերը ոչնչացնում են դրանք… Անօդաչուներից մեկը խոցվել է միջուկային էներգիայի օբյեկտի վրա հարձակման փորձի ժամանակ։ Զոհեր և ավերածություններ չկան»,- նշել է Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է Կստովսկի արդյունաբերական գոտում վառելիքաէներգետիկ համալիրի տարածքում, մեծ վնաս չի պատճառել։

Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող Բրյանսկի շրջանի և Տվերի նահանգապետերը նույնպես հայտնել են ԱԹՍ հարձակումների մասին, նրանք ևս նշել են, որ զոհեր և ավերածություններ չկան:

Կազանի օդանավակայանի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր թռիչքները դադարեցվել են անվտանգության ապահովման համար, թեև որևէ հարձակման մանրամասներ չի հաղորդվում:

Պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում ժամանումներն ու մեկնումները ժամանակավորապես դադարեցվել են օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG