Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված դարավոր կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությանը, թե Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից:
Զախարովան ԱՄՆ փոխպետքարտուղարի այս հայտարարությունն ահիմն է որակել։
«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն», որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ», - ասել է Զախարովան։
Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնն օգնում է, որպեսզի Հայաստանը խիզախ քայլեր ձեռնարկի Ռուսաստանից հեռանալու հարցում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո, Հայաստանի անվտանգության ապահովումը ձախողելուց հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: «Մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է Օ’Բրայենը:
Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Արևմուտքի կողմից իրավիճակը խեղաթյուրելու փորձեր տեսանելի են նաև տարածաշրջանի այլ երկրներում։
«Օ’Բրայենը և նրա թիմակիցները պետք է հասկանան մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան Արևմուտքի բոլոր փորձություններին։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել նաև ապագայում»,- եզրափակել է Զախարովան։