Հոկտեմբերի լույս 12-ի գիշերը Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով երեք մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեոդորովը։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հստակեցրել է՝ երեք հարվածները հասցվել են կառավարվող օդային ռումբերով։ Հիմնականաում մասնավոր ենթակառուցվածքներ են տուժել, այդ թվում՝ ձիարշավարան։
Մոսկվան չի արձագանքել հաղորդումներին։
Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 12-ի առավոտյան Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել։
Երեք տուն, մեկ մեքենա էլ վնասվել է Կրասնոդարի երկրամասում, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը՝ նշելով՝ վիրավորներ չկան։
Տեղական տելեգրամյան ալիքները գրում են, որ Լուգանսկի շրջանի օկուպացված Ռովենկի քաղաքում ԱԹՍ հարվածից նավթի պահեստ է այրվում։
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Այս նավթային պահեստը վերջին անգամ հարձակման է ենթարկվել 2024-ի մայիսին։ Այն ժամանակ հաղորդվեց 4 զոհի մասին։ Ռուսաստանի քաղաքային իշխանությունները հարվածների համար մեղադրել էին Ուկրաինային: Կիևը չէր մեկնաբանել հաղորդումը։