Այսօր վաղ առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սումիում ութ մարդ է զոհվել, 11-ը՝ ծանր վիրավորվել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի խոսքով` ռուսական բանակը երկու անգամ հարվածել է Սումիում գտնվող բուժհաստատությանը՝ առաջին հարձակման ժամանակ մեկ մարդ է զոհվել, փրկարարների ժամանման պահին երկրորդ հարվածն է հասցվել։
Խարկովի շրջվարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է մարզի գյուղերից մեկում հրետակոծության հետևանքով երկու վիրավորի մասին՝ երկուսն էլ 68 տարեկան։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անցած գիշերվանից Ռուսաստանը տարբեր տեսակի չորս հրթիռ և 73 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Խոցվել է երկու հրթիռ և 69 դրոն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդումները: